«Արթիկի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը և շենքը սփյուռքահայ ներդրողին հանձնելը մարզի հնգամյա զարգացման ծրագրերի շրջանակում է իրականացվում: Պետք է հասկանանք, որ քաղաքում ունենք դպրոցներ, որոնք կամ գերբեռնված են, կամ՝ շենքերն իրենցից ներկայացնում են հսկայական կորպուսներ, բայց դրանք լիարժեք չեն օգտագործվում: Շենքերը մեծ են, բայց ներսում շատ փոքր թվով երեխաներ են, ուստի դպրոցների որակի հետ կապված՝ խնդիրներ են առաջացնում: Մենք կամ դրանք պետք է կոնսոլիդացնենք, կամ բեռնաթափենք, ինչն էլ իրականացնում ենք և պետք է հավելեմ, որ հարցը միայն Արթիկի թիվ 4 դպրոցին չի վերաբերում: Այս խնդրին պետք է նայել ամբողջ Արթիկի շրջանակում և այդ ծրագիրն այժմ ուսումնասիրության փուլում է»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառանալով Անահիտ Բախշյանի տարածած տեղեկատվությանն, ասաց ԿԳՆ Լևոն Մկրտչանը:
Հիշեցնենք, որ երեկ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գրել էր, որ Արթիկի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Վարագյանը Արթիկի թիվ 4 դպրոց միավորումը այլ կրթական հաստատության հետ և շենքը սփյուռքահայ ներդրողին է պատրաստվում հանձնել՝ դա համարելով մարզի հնգամյա զարգացման ծրագրի մաս:
Անահիտ Բախշյանն այս երևույթը շատ վտանգավոր նախադեպ էր համարել, նշելով, որ Արթիկի թիվ 4 դպրոցում քննարկում չի եղել, ուսուցիչներն ու ծնողները կողմնակի անձանցից են լսել իրենց դպրոցի շենքը վաճառելու վերաբերյալ խոսակցությունները: Ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը՝ օրենքի պահանջին հակառակ՝ չեն լսել վերոնշյալ դպրոցների մանկավարժական անձնակազմի ու երեխաների կարծիքը, չեն ուսումնասիրել դպրոցի աշխարհագրական դիրքը, հարմարավետությունը, ֆիզիկական վիճակը, այսինքն՝ երեխաների կրթության իրավունքը ստորադասվել է սփյուռքահայ գործարարի կամայականությանը, որովհետև լրատվությամբ տարածված լուրի համաձայն, որպես նորաստեղծ տեքստիլ գործարանի շենք, Վարդան Սրմաքեշն այդ դպրոցն է հավանել այն դեպքում, երբ նրան առաջարկվել են նման արտադրության նախկին շենքեր:
Աղավնի Սուքիասյան