ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մեկնարկած «Ազգ-բանակ» համաժողովին իր ելույթը սկսեց շնորհակալությամբ: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ մասնակցության, և միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրվածություն ցուցաբերելու համար:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ռազմական կրթությունը Հայաստանում առաջատար դիրքերում է, և այս հարցում Հայաստանը մրցակցությունից դուրս է. «Ռազմական մասնագիտությունը հասարակության մեջ մեծ պահանջարկ վայելող ուղղություն է և ռազմական կրթությունը Հայաստանում մրցակցությունից դուրս է»:
Նախարարն առանձնացրեց հանգամանքը, որ Հայաստանն այսուհետ ռազմական ոլորտում ապահովելու է երաշխավորված աշխատատեղ՝ ռազմական կրթություն ունեցողների համար: «Համաժողովի մասնակիցներին ուզում եմ հայտնել, որ Ազգ-բանակ գաղափարի շրջանակում յուրաքանչյուր ռազմական բուհ ավարտած մասնագետ կարող է բուհից հետո այլևս աշխատանք չփնտրել: Պետությունը նրան կտա երաշխավորված մասնագիտական աշխատանք՝ բարձր աշխատավարձով»:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ռազամահայրենասիրական կրթության խնդիրներն ամբողջ աշխարհում դարձել են տարատեսակ քննարկումների առարկա, բայց մենք տարբերվում ենք աշխարհի մյուս պետություններից մեր աշխարհագրական դիրքով, ուստի, այս համաժողովն առաջին քայլն է՝ այս ոլորտում լուծումներ գտնելու համար:
Աղավնի Սուքիասյան