Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է ապրիլի 22-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկը:
ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց բռնցքամարտիկի հետ մարտի նախապատրաստական աշխատանքների, սպասելիքների և մրցակցի մասին:
Արթուրը մեզ հետ զրույցում ասաց, որ լավ մարզավիճակում է գտնվում և հաղթելու մեծ շանսեր ունի.
«Մարզումներն ընթացան շատ լավ ու ինտենսիվ, հիմա արդեն լավ մարզավիճակում եմ, այնպես որ՝ պատրաստ եմ հաղթել: Մեծ են շանսերս… Հաղթելո՛ւ եմ»:
Այն հարցին, թե հոգեբանորեն ինչպե՞ս է տրամադրվում մարտին, հատուկ «դեղատոմսեր» արդյոք ունի՞, բռնցքամարտիկն ասաց.
«Հոգեբանորեն պատրաստ եմ մարտին, ինչպես միշտ՝ հաղթանակի տրամադրվածությամբ: Մենամարտի նախօրեն անցկացնում եմ շատ հանգիստ, տեղի է ունենում կշռման արարողությունը, դրան եմ պատրաստվում»:
Խոսեցինք նաև Կրասնիկի ուժեղ և թույլ կողմերի մասին: Արթուրն ասաց, որ մրցակցի ոճին համապատասխան մարտավարություն է մշակվել.
«Ուժեղ մարզիկ է, ճկուն: Թույլ կողմեր չեմ առանձնացնի, ամեն դեպքում՝ նշեմ, որ իր ոճին համապատասխան մարտավարություն ենք մշակել մարզչիս հետ և ռինգում ամեն ինչ կանեմ՝ հաղթելու համար»:
Այն հարցին, թե մարտին հատուկ հյուրեր լինելո՞ւ են արդյոք, Աբրահամն ասաց, որ բոլոր հյուրերն էլ իր համար հատուկ են.
«Դահլիճում ներկաներից ամեն մարդ էլ ինձ համար հատուկ հյուր է, ոչ ոքի չեմ առանձնացնում, լինեն ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Եվրոպայից թե որևէ այլ տեղից»:
Զրուցի վերջում 37-ամյա հայ բռնցքամարտիկը հավելեց, որ մարտից հետո ընտանիքի հետ գնալու է ծովափ, որից հետո կգա Հայաստան:
Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկ մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:30-ին:
Հաղթանակ ենք մաղթում Արթուրին:
Լիանա Թորոսյան