Գոշի լճի շուրջ աղմուկը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Թեմայի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսեց բնապահպանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ վստահեցնելով, որ համատեղ աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել խնդրի վերջնական լուծման. «Նկատողություն է հայտարարվել համապատասխան պաշտոնյայի և Գոշի լճի տարածքի անտառապահի նկատմամբ, որ նրանք ամենքիչը գոնե նախարարությանը պետք է զեկուցեր լճի շուրջ կատարվածի մասին: Մենք հետևելու ենք, որ հավուր պատշաճի՝ վարչական պատասխանատվության ենթարկվի այն անձը, ով իրականացրել է այդ տարածքում արգելված գործողոություններ՝ շրջակա միջավայրին պատճառելով բնապահպանական խնդիրներ»:
Քննարկմանը մասնակցող ակտիվիստներից մեկը չհամաձայնեց նախարարի այն դիրքորոշման հետ, որ վարչական իրավախախտումների հետ կապված՝ պատիժներ են սահմանվել վարձակալի և անտառապահի նկատմամբ՝ պնդելով, որ պետք է չեղյալ համարել պայմանագիրը և Գոշի լճի հետ կապված պայմանագիր կնքել նոր վարձակալի հետ:
Նախարարն ի պատասխան նշեց, որ օրենքը թույլ չի տալիս խզել պայմանագիրը վարձակալի հետ բայց կասեցրել են ցանկացած գործողություն՝ քանի դեռ դա չի համապատասխանում օրենքի տառին: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ վարձակալը՝ ստորագրված պայմանագրով, լճի և ափամերձ տարածքում պարտավորվել է իրականացնել 300 միլիոն դրամի ներդրում, և նախարարությունը հետամուտ է լինելու, որ կատարվեն պայմանագրով նրա ստանձնած պարտավորությունները:
Քննարկման մասնակից մյուս մտահոգ քաղաքացին Արծվիկ Մինասյանին ներկայացրեց օրեր առաջ Գոշի լիճ տարածքում վանդալիզմի հերթական դեպը. «Lիճ բարձացող ճանապարհին տասնյակ ծառեր են արմատախի եղել, իսկ տասնյակներն էլ պարզապես կտրվել են: Ձեզ ներկայացնում եմ փաստեր, նկարներ, պարո՛ն նախարար, լուծարե՛ք պայմանագիրը տվյալ վարձակալի հետ, հակառակ դեպքում՝ ստացվում է՝ բնությունը պետք է պաշտպանենք նախարարությունից»:
Արծվիկ Մինասյանը նորից շեշտեց, որ որևէ նոր գործողություն լճի տարածքում չի ձեռնարկվելու և հետամուտ են լինելու խախտումների բացահայտմանը՝ բարձրաձայնելով մի նոր խնդիր. «Ո՞վ է իրավունք տվել Գոշի լճի տարածքում էքստրիմ տուրիզմին բնորոշ ավտոարշավներ կազմակերպել: Նոր եմ այդ տեղեկատվությունը ստաացել և գնալու ենք նաև դա կասեցնելու, քանի որ այդ տարածքը չի կարող ավտոարշավի համար տարածք ծառայել: Չի կարող լճի տարածքը դառալ էքստրեմալ տուրիզմի տարածք, քանի որ բնապահպանական տեսանկյունից՝ այդ ավտոարշավները մեծ վնաս են հասնում լճի տարածքին»:
Հավելենք, որ բնապահպանության նախարարության կազմակերպած քննարկմանը մասնակցում էին բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, որոնց նախարար Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց կանխակալ վարքագիծ չդրսևորել և բոլոր խնդիրների մասին ահազանգերով և լուծման տարբերակներով նախագծերը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Աղավնի Սուքիասյան