«Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը և ՀՀ գործող կուսակցությունները, ովքեր մտահոգ են գործարանի հետագա ճակատագրով, 2017թվականի փետրվարի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկ-նամակ են ներկայացրել, որով առաջարկել են վարչապետին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:
Այս առաջարկը ստորագրել են գրեթե բոլոր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Նոր ժամանակներ»-ը, «Ալյանս»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Համախմբում»-ը, «Միասնություն» շարժումը, բացի Հայ Հեղափոխական Դաշնակցությունից, չնայած «Դաշնակցության» ներկայացուցիչը մասնակցել էր «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում համակարգող խմբի կողմից կազմակերպված կուսակցությունների հրավերք-հանդիպմանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում համակարգող խմբի անգամ Կարինե Շահվերդյանը բավական վրդովված և նեղսրտած ասաց՝ քիչ առաջ տեղեկացել են, որ Կառավարությունից իրենց նամակն ուղարկվել է Էներգետիկայի նախարարություն, այնինչ՝ իրենք նամակ-առաջարկ էին արել հենց Կարեն Կարապետյանին:
«Էներգետիկայի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այնտեղից էլ նամակն ուղարկվել է գործարանի սնանակության գործով կառավարչին։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանը նույնիսկ չի էլ ծանոթացել նամակի բովանդակությանը և այնտեղ նշված կոնկրետ առաջարկություններին: Հակառակ դեպքում՝ այդ նամակ առաջարկությունը չէր հասցեագրվի սնանկության կառավարիչին»,-ասաց «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամը:
Նաիրիտցիները փաստում են՝ վարչապետ Կարեն Կարապետյանն արհամարել է ոչ միայն իրենց, այլ նաև 12 կուսակցությունների, նամակն ուղարկելով «Նաիրիտ»-ի սնանկության կառավարիչին: «Եթե «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը սնանկության կառավարիչի հետ միասին ցանկանային գործարանի վերաթողարկման համար որևէ բան անել, վաղուց արած կլինեին և գործարանն այս օրը չէր ընկնի: Ինչ որ է, եթե կառավարությունը նամակում նշված առաջարկին ընթացք չտա, ապա մենք պահանջելու ենք, և այդ հարցում մեզ նաև կմիանան կուսակցությունները, քրեական գործ հարուցել և պարզել «Նաիրիտ»-ի հետ կապված բոլոր աղմկահարույց գործերը և բազմաթիվ չարաշահումները»,- իր խոսքը եզրափակեց Կարինե Շահվերդյանը։
Քրիստինա Աղալարյան