Գագիկ Խաչատրյանը կալանավորված է, բայց նրա կադրերը շարունակում են լավագույն ավանդույթները Նոր Հայաստանում:
Ռուսաստանում՝ մասնավորապես Կրասնոդարում, ձերբակալվել է Հայաստանից «արտահանված» ծխախոտի հերթական խմբաքանակը: Չէ, չմտածեք, թե հերթական խոպանչին որոշել է մի քանի բլոկ ծխախոտ տանել Ռուսաստան և փող աշխատել: Բռնագանձված ծխախոտի արժեքը կազմում է 300 միլիոն ռուբլի, այսինքն՝ 4 միլիոն դոլարից շատ: Իսկ ինչո՞ւ են ձերբակալել: Ոչ, դա Ռուսաստանի հերթական ոչ եղբայրական քայլը չէ, պարզապես ծխախոտը եղել է հայկական ակցիզով, ինչը անթույլատրելի է և համարվում է մաքսային հանցագործություն:
Ինչպես է աշխատում սխեման: Հայաստանից, ըստ փաստաթղթերի, տրանզիտով ծխախոտ է արտահանվում Աֆղանստան կամ Իրաք: Քանի որ ապրանքը տրանզիտային է, լուրջ ստուգումներ չի անցնում Ռուսաստանում և այդ երկիր մուտք գործելուն պես կորում է: Այսինքն՝ մնում է Ռուսաստանում: Հետո փաստաթղթերով ցույց է տրվում, որ ապրանքը բարեհաջող հասել է Աֆղանստան կամ Իրաք: Ծխախոտը, մնալով Ռուսաստանում, վաճառվելով այդ երկրում, միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում այդ երկրի բյուջեին: Եվ քանի որ առաջին անգամ չի կրկնվում այս աճպարարությունը, ռուսները գնացել են ապրանքը ձերբակալելու ճանապարհով:
Ներկայումս Զվարթնոց օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Զաքարյանը: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո՝ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հովանավորչության արդյունքում: Զաքարյանն աշխատել է Մաշադյանի ենթակայության տակ, երբ ՊԵԿ փոխնախագահը դեռ զբաղեցնում էր խոշոր հարկատուների վարչության պետի պաշտոնը: Թերևս հենց այդ ժամանակ է Մաշադյանը գնահատել Զաքարյանի պրոֆեսիոնալ հմտությունները և արդեն նոր ղեկավարության ժամանակ պրոտեժեին նշանակել չափազանց յուղոտ պաշտոնին:
Նշենք, որ Զաքարյանից բացի առաջադրված հարցերին պետք է պատասխանի նաև ՊԵԿ մյուս փոխնախագահը՝ հանրահայտ Շուշանիկ Ներսիսյանը, քանի որ առանց նրա գիտության չի կարող այդ քանակության ապրանք դուրս գալ Հայաստանից:
Շատ և հաճախ է ասվում, որ վերջ է դրվել համակարգային կոռուպցիային: Տեսնենք՝ ինչպես կարձագանքի երկրի ղեկավարությունը այս շատ հետաքրքիր սխեմային: Կշարունակե՞ն պաշտոնավարել վերոհիշյալ պաշտոնյաները, կտրվի՞ նրանց նոր շանս, թե՞ կդրսևորվի կամք և կազատվեն Խաչատրյանի կադրերից, ովքեր սովոր են աշխատել միմիայն նրա սխեմաներով: