Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա միայն մեկ' խաղաղ բանակցությունների ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը' պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և հայկական գյուղերի վրա կատարվող հարձակումների մասին լրագրողների հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմատենչ հռետորաբանությունը և դատապարտում է հրադադարի խախտումները: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումն այս հակամարտության խաղաղ բանակցային լուծումն ապահովելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք շարունակում ենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Շարունակելու ենք հորդորել կողմերին որքան հնարավոր է հաճախակի հանդիպումներ ունենալ, հարցերը միասին քննարկել, և հույս ունենք' մոտ ապագայում նախագահների հանդիպում տեղի կունենա, որի միջոցով հնարավոր կլինի փոխել իրավիճակը»,- ասաց ամերիկացի դիվանագետը:
Հեֆֆերնը վերահաստատեց, որ բարձր մակարդակի հանդիպումները' կարևոր, իսկ երկխոսությունը' առանցքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար:
Անցած շաբաթ' հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն, Ադրբեջանն Արցախում հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, որը հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել: Հայկական կողմը տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Նույն գիշերն ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Դրանից երկու օր առաջ' հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ' խորը մտահոգություն հայ տնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում' հայ-ադբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Համանախագահները հորդրոել էին արել կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Երկու երկրների ԱԳ նախարարներին նաև կոչ էր արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին: