Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է, որը 21-րդ դարի սկզբից ծավալվեց նոր թափով։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետ կապված որոշակի նպաստավոր պայմաններ են ստեղծվել:

Քաղաքագետի համոզմամբ՝ անցյալ տարեվերջին և այս տարի միջազգային ասպարեզում տեղի ունեցան այնպիսի նշանակալի իրադարձություններ, որոնք կարող են անուղղակիորեն ազդել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի վրա: «Կատարված իրադարձությունների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունը: Նոր նախագահն աչքի է ընկնում միջազգային ասպարեզում իր անսպասելի և վճռորոշ գործունեությամբ, ինչպես օրինակ՝ Սիրիայի, Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի դեպքերում: Կարևոր է նաև հիշատակել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ հայկական համայնքի խոշոր կազմակերպությունները թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու կոչեր չհնչեցրին՝ չնայած ամերիկաբնակ հայերի շարքերում շատերը սատարում էին դեմոկրատական կուսակցության թեկնածուին»:

Էմիլ Օրդուխանյանի համոզմամբ՝ քաղաքական տեսանկյունից այս հանգամանքը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նորընտիր նախագահի կողմից ամենամյա ելույթում Ցեղասպանության եզրույթի գործածության համար, քանի որ հայկական համայնքը պաշտոնապես նրա դեմ կամ նրա մրցակցի օգտին քվեարկելու նախաձեռնություն չէր ծավալել:

«Ի դեպ՝ այս ընթացքում ԱՄՆ ևս մեկ նահանգ՝ Ռոդ Այլենդը ճանաչեց հայերի ցեղասպանությունը: ԱՄՆ-ում, հասարակական-մշակութային տեսանկյունից՝ ցեղասպանության ճանաչման գործընթացին օժանդակող ազդակ կարող է լինել նաև «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ ի լրումն հոլիվուդյան բազմաթիվ աստղերի, ովքեր սատարում են հայերին այս հարցում և դատապարտում ցեղասպանության ակտը: Հետևապես՝ ամերիկյան միջավայրում այս իրողությունը ևս, հնարավոր է՝ օժանդակի ԱՄՆ-ի կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը»:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ այդ փոփոխությունները կարող են միջազգային հանրությանը տրամադրել հայանպաստ քաղաքականություն իրականացնելուն: «Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ էության, երկատել են թուրք հասարակությանը, ինչպես նաև Արևմուտքի գնահատականը այդ քաղաքական գործընթացին, կարող են Թուրքիայի նկատմամբ նոր միջազգային ճնշումների ալիք բարձրացնել, ինչի համատեքստում օրակարգային կարող է դառնալ նաև հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես Թուրքիայի վրա ազդեցության հավելյալ լծակ»:

 

Աղավնի Սուքիասյան