Ի տարբերություն մնացած օրերի' ապրիլի 24-ի ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելին է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը չի փոխվել: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը:
«ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է, ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, եւ այնտեղի նշանակված մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
ՀՀ գլխավոր շտաբի պետն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմից հետո բանակի սպառազինությանն ու մարտունակությանը: Նրա խոսքով' պատերազմից հետո շատ բան է փոխվել։
«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է, մեր զինվորն ավելի պաշտպանված է», - հավելեց Հակոբյանը: