ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված խնդիրը պետք է լուծվի կազմակերպության կանոնակարգի շրջանակում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Sputnik Արմենիայում կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարից է կախված, թե ինչպես այն կլուծվի: Ներկայում Յուրի Խաչատուրովը, Անատոլի Սիդորովի խոսքով, շարունակում է բնականոն աշխատանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման վրա:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել. 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի պետն էր:
Դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել և թույլատրել վերադառնալ Մոսկվա՝ աշխատանքային պարտականությունների կատարմանն անցնելու: Սակայն գործով վարույթ իրականացնող մարմնի առաջին իսկ պահանջով Յուրի Խաչատուրովը պարտավոր է ներկայանալ: