Ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը հարցազրույց էր տվեր, որի ժամանակ չէր բացառել առաջիկայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը:

 

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադառնալով հարցին` ինչ-որ առաջընթաց կարո՞ղ է լինել հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում՝ հաշվի առնելով հանդիպման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, նկատեց, որ ի հակառակ Մինսկի խմբի ու հայկական կողմի դիրքորոշման՝ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել շփման գծում վստահության ներդրումը:

 

«Իրատեսական չէ լուրջ բանակցային գործընթացի վերսկսումը, եթե նույնիսկ կայանա նախարարների հանդիպումը: Նշեմ նաև, որ լուրջ փոփոխություններ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեղի չեն ունեցել»,- ասում է քաղաքագետը:

 

Արտաքին քաղաքական այս համատեքստում քաղաքագետը դրական է համարում «Ազգ-բանակ» հայեցակարգի ձևավորումը:

 

«Մի երկրի համար, որն ավելի քան 25 տարի գտնվում է ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակում, առաջիկայում էլ դժվար թե հակառակորդի հետ կոմպրոմիսների ու հարցի վերջնական կարգավորման հեռանկար ունենա, այս հայեցակարգը առավել քան կարևոր է»,- ասում է քաղաքագետը և հավելում, որ կարևոր է նաև ռազմական տեխնիկայի ցուցադրությունը, հատկապես երիտասարդների ու պատանիների համար, ինչպես նաև ողջունելի է պաշտպանության նախարարի կողմից առաջ բերված հիմնական երկու գաղափարները`«Ես եմ» և «Պատիվ ունեմ», «ազգ-բանակ» տրամաբանության մեջ:

 

Հիշեցնենք' ապրիլի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովը նվիրված է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին:

 

Սոնա Հարությունյան