Երևանում տրվեց Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի` միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:
Հիմնարկեքի արարողության շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համատեղ ձեռնարկություն «Բլեք Սի Գրուփ» և «Վահագն և Սամվել» ՍՊԸ ղեկավարներ Ղուկաս Գրիգորյանն ու Ամիրան Մամուչաձեն ստորագրեցին նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվեց կառուցվելիք ճանապարհի հիմքում:
Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ կառուցվում է Երևանի հյուսիսն ու հարավը միմյանց կապող ճանապարհ:
«Այն ընդհանուր առմամբ 23 կիլոմետր է լինելու: Մենք 4 մասի ենք բաժանել ճանապարհի կառուցումը: Առաջին մասը դեկտեմբերին հանձնել ենք շահագործման: Այսօր մենք կարող ենք ասել, որ Շենգավիթ վարչական շրջանով մուտքը Երևան նորմալ վիճակում է գտնվում, և շուրջ 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհն արդյունավետ շահագործվում է: Իսկ հիմա մենք տվեցինք Դավթաշեն և Աջափնյակ համայնքները միմյանց կապող ճանապարհի շինարարության մեկնարկը: 1.5 տարվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք ճանապարհի շինարարությունը և շահագործման կհանձնենք` շուրջ 5.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհը»,- ասաց Մարգարյանը:
Նա հավելեց, որ հետագայում Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանները միմյանց կապող հատվածը` շուրջ 9 կիլոմետր ճանապարհի շինարարության կառուցման մրցույթը կհայտարարեն:
«Հիմա մենք մրցույթի փաթեթն ենք պատրաստում, մեկ ամսվա ընթացքում միջազգային մրցույթ կհայտարարվի, և կսկսենք այդ ճանապարհի կառուցումը: Դրանով մենք կունենանք 23 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որը Երևանի 4 վարչական շրջանները կապող ճանապարհ է լինելու:
Մենք սրանով կենտրոնական փողոցների բեռնաթափման խնդիր ենք լուծում: Ճանապարհը կառուցվում է մ իջազգային չափորոշիչների համապատասխան: Թե´ լուսավորությունը, թե´ եվրոպական ստանդարտներով կառուցվող ճանապարհը նորություն է մեր քաղաքի համար: Մենք նշաձող ենք դրել և այն պետք է պահենք: Վերջին տարիներին Երևանում ճանապարհաշինությունը զարգանում է, և դրա շնորհիվ մենք կարողանում ենք որոշակիորեն թեթևացնել երթևեկությունը:
Բայց Երևանում մենք դեռ անելիքներ ունենք: Շինարարների և ճարտարապետների հետ մտածում ենք Երևանում նոր ճանապարհների կառուցման մասին: Հաջորդ տարիներին ականատես կլինեք նոր ճանապարհների կառուցման աշխատանքներին»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը:
Ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդակցության ուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային լուսատուներով: