Օրեր առաջ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ տեսանյութի հեղինակը բացահայտեց, որ Երևանի գյուղատնտեսության ապրանքների վաճառքի կետերում վաճառվում են «արտադրված է Ադրբեջանում» գրությամբ խնձորներ: Այս փաստը մի քանի օր սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առարկա դարձավ: Սրան հետևեց ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրությունը, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական խնձորի հայտնաբերված խմբաքանակն ամբողջությամբ ոչնչացվել է:

Սննդամթերքի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրեց, որ երևանյան շուկաներում դեռևս շարունակվում է ադրբեջանական խնձորի վաճառքը: Նա և իր գործընկերներն այսօր ուսումնասիրություն են անցկացրել Երևանի Գումի շուկայում և արձանագրել, որ շարունակվում է ադրբեջանական ծագման «DAD» տեսակի խնձորի բաց վաճառքը:

«Մենք, չհավատալով Պետական լիազոր մարմնի խոսքին, քանի որ այն անարժանահավատ է, որոշեցինք գնալ- համոզվել՝ իսկապե՞ս հանվել է շուկաներից ադրբեջանական խնձորը, թե՞ ոչ: Պարզվում է՝ ազատ վաճառվում են ոչ միայն ադրբեջանական խնձորը, այլև թուրքական լոլիկն ու ցոգոլը»,- ընդգծեց Դավիթ Պիպոյանը: 

Նա նշեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե շարունակվում են շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով. «Ես և իմ գործընկերները եղել ենք շուկայում: Ես հավաստիացնում եմ, որ որևէ մարդ պետական ապարատից՝ չի եղել: Մենք չորս հոգով ենք եղել շուկայի տարբեր շարքերում և ոչ ոք չի իմացել, որ մենք խումբ ենք, մեզանից բացի՝ ոչ ոք այդտեղ չի եղել»:

Նրա խոսքով, քանի որ մեծածախ առևտուր անողն առավոտյան է գնում շուկա՝ գնումներ կատարելու, ուստի իրենք առավոտյան 9-ից մինչև 12-ը եղել են շուկայում, սակայն որևէ հսկիչ, որևէ շրջայց և պետական մարմին չի եղել այնտեղ. «Իմ տեսանյութերում ամեն ինչ երևում է»:

Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով եթերում զրուցեց միրգ վաճառողի հետ, համոզվելով, որ վաճառվող խնձորն ադրբեջանական է, գնեց և հեռացավ՝ առանց որևէ բան ասելու: 

Նշենք, որ Ադրբեջանում արտադրված սննդամթերքը կարող է Հայաստանի տարածքում հայտնվել և´ Վրաստանի, և´ Իրանի տարածքով, իսկ վտանգ չներկայացնող սննդամթերքի ներկրման արգելք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:

 

Սոնա Հարությունյան