ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:

Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել և ոչնչացվել նաև հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) և Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը: Այս գործընթացը պահանջում է պարբերական և հետևողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսավարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը:

Կոչ ենք անում սպառողներին շարունակել հետևողական լինել և անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով: