«Այսպիսի իրավիճակ ստեղծելով՝ թշնամին ցանկանում է Արցախում առաջացնել ներքին պառակտում և տարաձայնություններ։ Այս հարցը պետք է բարձրացվի միջազգային հարթակներում և առաջին բարձրացնողը պետք է լինի Հայաստանի իշխանությունը, բայց, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը երես է թեքել Արցախի ժողովրդից և Արցախի խնդիրներից»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը' անդրադառնալով այն հայտարարությանը, որտեղ ադրբեջանական կողմը մեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին վստահությունը չարաշահելու մեջ։
Ադրբեջանի տարածած հրապարակման մեջ ասվում է, որ Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերը փորձել են ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին։
«Այս ամենը կարող է նաև նպատակաուղղված լինել ինտեգրման քաղաքականության համար, որովհետև, ամեն առիթի դեպքում, Ադրբեջանը շեշտում է, որ Արցախում ապրանքները կարող են ձեռք բերվել Աղդամից և նշում, որ Կարմիր խաչը կարող է Աղդամից բերել, այլ ոչ թե Հայաստանից, ինչը մեր ժողովրդի համար անընդունելի է, որովհետև, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի հետ նույն տնտեսական դաշտում՝ այսինքն տնտեսական կախվածության մեջ, դա կլինի ինտեգրման ամենամեծ քայլը»,-ասաց նա։
Պետրոսյանի խոսքով' մեր ժողովուրդը հասկանում է, որ ինտեգրում չպետք է լինի, որովհետև համակեցությամբ ապրել մի ազգի ներկայացուցիչների հետ, որոնք քեզ ուղղորդված տանում են ցեղասպանության՝ հնարավոր չէ։
Նա նշում է՝ թշնամին հաճախակի է այսպիսի ճնշումներ գործադրելու ժողովրդի վրա, որովհետև սոցիալական խնդիրները, ի վերջո, բերում են մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների։
«Արցախի իշխանությունները այդքան ճանաչված չեն, որ իրենց ձայնը լսելի լինի համաշխարհային ասպարեզում, ուղղակի, Արցախի իշխանությունները պետք է կարողանան խիզախություն ցուցաբերել, եթե պետք լինի՝ հակադրվելով Հայաստանի իշխանություններին և ամեն կերպ Արցախի և Արցախի ժողովուրդի շահը առաջ տանել և ստիպեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի երես չթեքեն Արցախից և բարձրաձայնեն Արցախի հարցերը»,-եզրափակեց նա։
Լիլիթ Զալիբեկյան