Կառավարության ապրիլի 27-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարությանը` զբաղվել ապօրինի անտառահատումների դեպքերով: Վարչապետն անբավարար գնահատեց այս ոլորտում արված աշխատանքները` համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարելով դիմել կտրուկ գործողությունների.«Գյուղատնտեսության նախարարին հանձնարարում եմ ախտորոշել անտառապահպանության ոլորտի վերաբերյալ խնդիրները և կառավարությանը ներկայացնել խնդիրների լուծման ծրագիր, որի ընթացքում ակտիվորեն պետք է համագործակցել բնապահպանական խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպւթյունների հետ»:


Վարչապետը հատուկ հանձնարարեց այս աշխատանքների իրականացման ընթացքում սերտորեն համագործակցել Բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ՝ նրանց հետ մշակելով ապօրինի անտառահատումների հետ կապված գործողությունների ծրագիր:

 

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապօրինի ծառահատումների և անտառահատումների դեմ պայքարի վերաբերյալ  մամուլում և սոցիալական ցանցերում առկա բարձրաձայնվող խնդիրները վերլուծել և կառավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություն: 

 

Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ՀՀ-ում գործող աշխատանքային օրենսգրքին: Վարչապետին չի բավարարում այս օրենսգրում առկա օրենսդրական կարգավորումները, ուստի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  և արդարադատության նախարարություններին հանձնարարեց 9-ամսյա ժամկետում Կառավարությանը ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխության նախագիծ  կամ նոր օրենսգիրք, որը համապատասխան կլինի եվրոպական չափորոշիչներին: 


Աղավնի Սուքիասյան