«Վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու պարտավորությունների ժամանակ բանկերը կիրառում են տույժեր և տուգանքներ: Նման մեխանիզմները բեռ են դառնում մեր քաղաքացիների համար և այդ տույժ-տուգանքների մասին բողոքները հասել են Կառավարության աշխատակազմ: Կարծում եմ` մենք պետք է ստեղծենք բարեխիղճ վարկառուներին խրախուսելու նոր մեխնիզմներ: Ի՞նչ եք կարծում, պարոն Ջավադյան,  մենք այստեղ անելիք ունե՞նք»,-այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահին Արթուր Ջավադյանին դիմեց վարչպետ Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետի այս դիտարկմանն ի պատասխան՝ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ բողոքները վերաբերում են տրամադրվող երկարաժամկետ հիպոթեքային վարկերին, որոնց տրամադրման վերաբերյալ օրենսդրական բարեփոխումներ անելու նախագիծը Կենտրոնկան բանկն ուղարկել է Ազգային ժողով: «Նախագիծն Ազգային ժողովում անցել է երկու ընթերցում, բայց, քանի որ վերջին քառօրյայի ընթցքում քվորում չապահովվեց, օրենսդրական փոփոխությունների նախագիծը չանցավ երրորդ ընթերցումը»:


Վարչապետն Արթուր Ջավադյանին հանձնարարեց լինել հետևողական, և եթե այս հարցում Կառավարության աշխատակազմը բան ունի անելու, պատրաստ են համատեղ աշխատել: 

 

Կարեն Կարապետյանը ներկաներին հիշեցրեց նաև, որ մայիսի 5-ին պետք է Կառավարության ծրագիրը նայել և հանձնարարեց բոլոր գերատեսչություններին՝ հաշվետվությունների կազմման ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել «դուբլյաժ անողներին» և շքեղ ծախսերին. «Կառավարությանը հաշվետվություն ներկայացնելիս ուշադիր եք լինում դուբլյաժ անողներին և շքեղ ծախսերին, ավտոմեքենաներին: Հաշվետվություններ կազմելիս իջնում եք մինչև այդ մակարդակ»: