ՍԱՊԾ պետ Իշխան  Կարապետյանի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ից իր ղեկավարած գերատեսչության համապատասխան ներկայացուցիչներն իրականացնում են շրջայցեր հայաստանյան շուկաներում. «Իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտվել է, որ Հայաստան  ներկրված ադրբեջանական ներկայացվող խնձորը չունի համապատասխան փաստաթղթեր: Մենք մեր բացահայտումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեղադրել ենք ՍԱՊԾ կայքում»,-այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԱՊԾ ղեկավարը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք վերջապես կարողացել է ՍԱՊԾն-ն դուրս գալ խորը նիրհից և պարզել, թե ո՞վ է Ադրբեջանից խնձոր ներկրել Հայաստան, ո՞ր ընկերությունն է այդ խմբաքանակը բերել մեր երկիր, պաշտոնյան պատասխանեց. «Չունենք տեղեկատվություն, ներմուծող ընկերություն չկա, մեր բազայում նշյալ ծագման խնձորի վերաբերյալ որևէ փաստաթղթեր մենք չունենք»:


Լրագրողներին հունից հանեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի՝ իրենց հուզող բոլոր հարցերին տրված նույնաբովանդակ պատասխանները, որոնց արդյունքում անպատասխան էր մնում գլխավոր հարցը՝ ո՞վ և ինչպե՞ս է ադրբեջանական խնձորը ներկրել Հայաստան: 

 

«Իրականացնում ենք մոնիթորինգներ, աշխատում սպառողների հետ, իրազեկում նրանց, հայաստանյան շուկաներում իրացվող սննդամթերքը  վերահսկվում է ՍԱՊԾ-ի կողմից»,-այս բովանդակությամբ պատասխաններ էր տալիս պաշտոնյան՝ խուսափելով խոսել ըստ էության:  

 

Իշխան Կարապետյանը մի քանի րոպե մանրամասն ներկայացրեց գերատեսչության գործառույթները, որից հետո վերջապես տվեց կցկտուր մի պատասխան. «Ադրբեջանական խնձորը, հավանաբար, ներկրվել է Հայաստան մաքսանենգ ճանապարհով»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ի հետ աշխատանքներ են տարվում բացահայտումներ իրականացնելու ուղությամբ:  

 

Աղավնի Սուքիասյան