Խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի քվեարկությունից հետո դիտարկումների, գնահատականների, մեկնաբանությունների մեջ զգալի տեղ ունի այն, որ Հայաստանում տեղի չունեցան հետընտրական զարգացումներ, առավել եւս՝ հետընտրական ցնցումային գործընթացներ: Ընդ որում, այդ հանգամանքը շատ դեպքերում դիտվում է իբրեւ աննախադեպ:

 

Հայաստանում հետընտրական ցնցում՝ գուցե, այդուհանդերձ, եղավ՝ սպեկուլյատիվ սպասումներից ձերբազատվելու իմաստով: Պարզապես հետընտրական սպեկուլյացիաների հետեւանքով խորացած անտարբերությունը ունակ չէ զգալ իրապես ցնցող քաղաքական շարժերը: Մենք ունենք իսկապես բացառիկ մի հետընտրական շրջան: Մյուս կողմից, այս հանգամանքը պայմանավորված է թերևս ոչ այնքան ընտրության՝ այսպես ասած՝ բնույթով և որակով, որքան մեկ այլ՝ ոչ ընտրական հանգամանքով: Խոսքը 2018 թվականի ապրիլի մասին է, երբ ավարտվելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և նա թողնելու է նախագահի պաշտոնը:

 

Արդյո՞ք գործող նախագահը հավակնում է 2018-ին կրկին ստանձնել երկրի կառավարման ղեկը, սակայն այս անգամ վարչապետի պաշտոնում: Սա այսօր մեր հանրությանը հուզող գլխավոր հարցերից մեկն է: Անորոշությունը ցրելու քայլեր՝ նախագահականից մենք չենք նկատում, ավելին՝ լուրջ սպասողական վիճակ է հենց իշխող հանրապետականի ներսում, դեռևս պարզ չէ խորհրդարանի անվանական մեծամասնությունը, պարզ չէ՝ ովքեր են վերցնելու մանդատը: Այս իրավիճակն, անշուշտ, հավելյալ լարվածություն է առաջացնում: Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խորքային ուսումնասիրության դեպքում կարող է լույս սփռել մեր երկրի գլխավոր գործող անձանց հետագա քաղաքական ճակատագրերի վրա:


Խոսքը «Ազգ-բանակ» համաժողովի ընթացքում նախագահ Սարգսյանի հնչեցրած ելույթի մասին է: Այն լի էր խոհափիլիսոփայական մտքերով, գեղարվեստական համեմատություններով, սակայն այդ ելույթը որևէ կերպ ծրագրային չես անվանի, այն հնարավոր չէ դիտարկել իբրև քաղաքական հավակնություններ ունեցող գործչի ելույթ: Ի տարբերություն նախագահի, պաշտպանության նախարարի ելույթն աչքի էր ընկնում իր ծրագրայնությամբ, կոնկրետ առաջարկներով: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը փոխանցվել է Վիգեն Սարգսյանին: Իսկ գուցե նրան պարզապես փոխանցվել է գործող նախագահի ֆավորիտությո՞ւնը:

 

Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվի վարչապետի պաշտոնից, կամ ինչ-ինչ պատճառներով չկարողանա այն զբաղեցնել, ապա այս խաղում նրա ֆավորիտը լինելու է հենց Վիգեն Սարգսյանը, ով երկար տարիներ եղել է նախագահի թիմի հավատարիմ ներկայացուցիչներից մեկը և շարունակում է մնալ այդպիսին: Վիգեն Սարգսյան վարչապետը գործող նախագահին ներքին և արտաքին քաղաքականության մեջ մանևրելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը դե ֆակտո մնա ակտիվ քաղաքականության մեջ՝ նախագահի պաշտոնում: Կարեն Կարապետյանի կառավարման ամիսները ցույց տվեցին, որ վերջինս հակասական և դժվար կառավարելի ֆիգուր է նույնիսկ Սերժ Սարգսյանի համար:

 

Դրանով է պայմանավորված այն խուլ դժգոհությունը Կարեն Կարապետյանի գործելաոճի հանդեպ, որն առկա է հանրապետականի կուլիսներում: Մինչ Վիգեն Սարգսյանը զբաղված է «Ազգ- բանակ» հայեցակարգի միջոցով իր համար շահավետ դիրքեր նվաճելով, վարչապետի գերխնդիրն առկա դիրքերը պահպանելն է: Այս հարցում Կարապետյանի միակ հենարանը կարող է լինել բիզնես էլիտան, այլ կերպ ասած՝ ներդրողների ակումբը, որը վարչապետի նոու-հաուն էր: Այս հեռակա մրցակցության և պայքարի արդյունքում, 2018-ին ընադառաջ՝ երկրի քաղաքական դաշտում հստակ որվագծվում են երկու՝ տնտեսական և քաղաքական բևեռները, որոնք ամեն կերպ փորձում են միմյանց հակադրվել և հակակշռել: Կախված նրանից, թե այս երկու բևեռներից որ մեկը՝ Սերժ Սարգսյան-Վիգեն Սարգսյան քաղաքակա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տնտեսական բլոկը ի վերջո կհաջողի, կհանգուցալուծվի երկրի ապագա վարչապետի հարցը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ