Չգիտես մայիսմեկյան տոնի հե՞տ է կապված, թե՞ ուղղակի պատահական զուգադիպություն է, բայց օրերս Արտեմ Ասատրյանը' ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը, շտապել էր ազգիս «ավետել», թե շուտով նոր օրենք են ընդունելու. Հայաստանում ներկայացվելու է կամավորական աշխատանքի մասին օրենքի նախագիծ։ Ըստ Ասատրյանի' նոր օրենքի ընդունման շնորհիվ կանհետանա կամավորական աշխատանքը որպես ստվերային զբաղվածություն մեկնաբանելու վտանգը, կամավորները կկարողանան աշխատել օրինական հիմունքներով, որի շնորհիվ երիտասարդության համար այդ փորձը կկարողանա դառնալ «կյանքի ուղեգիր»։
Այն, որ Հայաստանի պետական կառույցները երբեք աչքի չեն ընկել քաղաքացիների նկատմամբ ունեցած սիրով ու հոգատարությամբ, գաղտնիք չէ: Ու հիմա հարց է առաջանում' ո՞րն է պատճառը, որ այս անգամ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նման «մարդասիրական» օրենքի ընդունմանը, մի՞թե, այնուամենայնիվ, հայրենական չինովնիկների հոգիներում յուրատեսակ հումանիտար հեղափոխություն է տեղի ունեցել, ու որոշել են հոգ տանել երիտասարդության մասին:
Առաջին հայացքից առաջադիմական թվացող այս օրենքը կարող է իրականում իսկական «խաթա» դառնալ նույն երիտասարդների գլխին: Բանն այն է,որ մենք բնավ էլ, ասենք, Դանիայի բնակիչներ չենք, ու գաղտնիք չէ, որ միակ բանը, որն այսօր շատերին մտահոգում է, այն է, թե ինչպես կարող են այս կամ այն օրենքը ծառայեցնել իրենց իսկ շահերին: Ոչ ոք կարող է չկասկածել, որ այդ օրենքի հնարավոր ընդունումը հանգեցնելու է նույն երիտասարդության շահագործմանը գոծատուների կողմից. այլևս աշխատավարձի մասին կարող են մոռանալ, քանի որ այդ օրենքը դուռ է բանալու անբարեխիղճ գործատուների համար' ձրի աշխատուժ ներգրավելու՝ այս անգամ, սակայն, տալով դրան օրինական հիմքեր: Նրանք, ովքեր բախվել են առանց ծանոթի աշխատանք փմտրելու խնդրին, շատ լավ կհասկանան ասվածի իսկությունը:
Այնպես որ' իրավիճակը միմիայն բարդանալու է աշխատաշուկայում, ու աշխատավորները կրկին բախվելու են խաբված լինելու վտանգին. զարգացած երկրների օրինակին հետևելն ընդամենը կեղծ քող է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ