Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները քարոզարշավ են իրականացնում Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Նրանք երթը սկսեցին «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտից: Դաշինքի անդամները մարդկանց շնորհավորեցին Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ կոչ անելով մայիսի 14-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը ևս դարձնել տոնական օր՝ իրենց քվեն տալով ԵԼՔ-ին:
Նշենք՝ քարոզարշավին մասնակցում են ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ԱԺ պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Մանե Թանդիլյանը, Դաշինքի ավագանու թեկնածուներ և քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, փոշու և աղբի ամպերից, կաթող տանիքներից ելք կա. «Մայիսի 14-ի ավագանու ընտրություններում դուք ունեք հնարավորություն մայրաքաղաքում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել արդյունավետ իշխանությամբ: Կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ: Եվ դրա համար անհրաժեշտ է գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել ԵԼՔ դաշինքի օգտին, որը քվեաթերթիկում համար 1-ն է»,- ասաց նա, որին հաջորդեց «Երևան ջա՛ն, ելք կա՛» վանկարկումը: