Ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական կարևորագույն ինտրիգը, թերևս, նոր կառավարության ձևավորման շուրջ է առաջացել: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դաշնակցությունն առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում ևս շարունակելու է կոալիցիոն գործընկերոջ դերում հանդես գալ, բոլորին սկսեց հետաքրքրել այն հարցը, թե վերաթարմացվող կոալիցիայում ՀՀԿ-ին իր հավատարմությունն ապացուցած քաղաքական ուժը որքանով կկարողանա ամրապնդել իր դիրքերը պետական կառավարևման համակարգում: Պետք է նկատել, որ այս հարցը չափազանց զգայուն է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի համար, ով կառավարությունում ՀՅԴ դիրքերի հնարավոր ամրապնդումը դիտարկում է որպես սպառնալիք՝ իր քաղաքական դիրքերին. վարչապետը ճիգ ու ջանք չի խնայում նախագահ Սարգսյանին համոզելու' հետ կանգնել Կառավարությունում ՀՅԴ լիազորությունների ընդլայնման մտադրությունից: Թե ինչ վերջնական տեսք կունենա ապագայի Կառավարությունն, իհարկե, պարզ կդառնա միայն ապագայում, բայց որ կարծես նախագահն ու վարչապետը մոտ են կոնսենսուսային որոշման, արդեն ակնհայտ է:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Դաշնակցության հարցը, ամենայն հավանականությամբ, լուծվելու է հետևյալ կերպ. հավելյալ նախարարություն Դաշնակցությանը չի տրամադրվելու, փոխարենն այդ կուսակցության դիրքերն ուժեղացվելու են խորհրդարանում: Մասնավորապես' ասում են' չի բացառվում, որ ՀՅԴ-ին տրվի ԱԺ փոխխոսնակներից մեկի աթոռն, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների պաշտոններ: Իհարկե, դեռևս դժվար է ասել՝ կոնկրետ ինչպիսի կոմպենսացիա է պատրաստվում ՀՅԴ-ի համար՝ գործադիրում դիրքերն ինչ-որ իմաստով զիջելու դիմաց, սակայն արդեն իսկ կարող ենք ասել, որ Կարապետյանն ամեն ինչ անում է' հնարավորություն ստանալու միայնակ ձևավորելու կառավարություն: Սա, եթե կուզեք, նրա համար սկզբունքային հարց է:

Հարց է առաջանում, սակայն, ի՞նչ է այս ամենից շահելու նախագահը, ով, ի դեպ, ոչ միայն ոչինչ չի ասել իր քաղաքական ապագայի վերաբերյալ, այլև շատերի կողմից դիտակվում է որպես ապագայում վարչապետական աթոռի հիմնական հավակնորդ: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՅԴ-ն բացարձակ լոյալություն է պահպանում ՀՀԿ-ի հանդեպ' պատրաստ լինելով աջակցել իշխանությունների ամեն մի ձեռնարկին, ապա ակնհայտ է դառնում, որ խորհդարանական կառավարմամբ երկրի պարագայում, երբ հենց այս մարմինն է հանդես գալիս լոկոմոտիվի դերում, Դաշնակցության դիրքերի ուժեղացումը բխում է նախևառաջ Սերժ Սարգսյանի շահերից. ավելի շատ անհրաժեշտ է լինելու լիովին կառավարելի Ազգային ժողով, քան առանց այն էլ սեփական գերիշխանության տակ գտնվող գործադիրում հավելյալ դաշնակցականների առկայություն. Սերժ Սարգսյանը բոլոր դեպքերում հանդես է գալու շահողի դերում, իսկ ահա Կարապետյանը, պատասխանատվություն վերցնելով կառավարության ձևավորման հարցում, իրականում ռիսկի տակ է հայտնվում, քանի որ լիարժեքորեն պատասխանատվություն է ստանձնում տնտեսության համար: Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանի տնտեսությունը մի բան է, որից դեռևս ոչ ոք նորմալ գլուխ չի հանել:

Կարապետյանը պետք է հասկանա մի պարզ բան' ստանալով լիակատար ազատություն կառավարության ձևավորման հարցում, ավելին' գործնականում միայնակ ձևավորելով ապագայի կառավարությունն, իր վրա է վերցնում մի ծանր բեռ, որի տակից դժվար է դուրս գալու. տնտեսությունն այնպիսի խայտառակ վիճակում է, որ ո՛չ 1 տարին, ո՛չ էլ նույնիսկ 3 տարին բավարար չեն լինելու ռեալ առաջընթաց ապահովելու համար: Իսկ սա նշանակում է, որ դե ֆակտո՝ անարդյունավետ վարչապետը չի կարողանալու դառնալ հավակնորդ ապագա վարչապետի աթոռին' ճանապարհ հարթելով Սերժ Սարգսյանի համար:

Մի խոսքով' մեզ դեռևս սուր ներքաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք խոստանում են բավական հետաքրքրաշարժ լինել: Իշխանական բուրգում կրքերը շարունակելու են եռալ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ