«Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի պատրաստվում պատգամավորական մանդատից հրաժարվել, իսկ ԿԸՀ-ի հրապարակած մանդատից հրաժարվողների ցուցակում էլ իր անունը հայտնվել է առանց իր իմացության. «Ես աշխատել և պայքարել եմ պատգամավոր դառնալու համար: Առաջադրված 12 թեկնածուներից ես հավաքել եմ առավելագույն ձայներ: Իսկ ըստ ԸՕ-ի՝ պատգամավոր դառնում է առավելագույն ձայն հավաքած թեկնածուն, որն այս պարագայում ես եմ: Ճիշտ է, քարոզարշավի ֆինանսական ողջ բեռը կրել է Գագիկ Ծառուկյանը, բայց ես էլ, ըստ ԸՕ համապատասխան հոդվածի, փաստորեն՝ դարձել եմ պատգամավոր իմ հավաքած ձայների քանակով»,-նկատեց մեր զրուցակիցը:
Վերջինս մեզ վստահեցրեց, որ երբևէ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել, հետևաբար, իր համար անհայտ է մնում, թե ով է իր անունով նման դիմում ներկայացրել ԿԸՀ:
Դիտարկմանը, որ այսօր մինչ ժամը 15:00-ը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած պատգամավորները կարող են հետ վերցնել իրենց դիմումները, հնարավո՞ր է արդյոք, որ ինքը փորձի հետ վերցնել իր անունով ԿԸՀ-ում հայտնված դիմումը, «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորը պատասխանեց. «Եթե ես դիմում չեմ ներկայացրել, չեմ գրել, ի՞նչը հետ վերցնեմ»:
Հարցին՝ արդյո՞ք վերջինս փորձել է այս թնջուկը պարզել «Ծառուկյան» դաշինքից, Նապոլեոն Ազիզյանը պատասխանեց. «Ես երեկվանից զանգում եմ, դաշինքից փորձում եմ որևէ բան պարզել, հասկանալ՝ այս ի՞նչ դիմումի մասին է խոսքը: Երեկվանից իմ հեռախոսազանգերին «Ծառուկյան» դաշինքից չեն պատասխանում, իսկ Գագիկ Ծառուկյանի հեռախոսահամարն էլ չունեմ, որ իրենից անձամբ ճշտեմ»:
Թարմացում
Ինչպես տեղեկացնում է newsbook.am-ը, Նապոլեոն Ազիզյանը, նոր դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումով նա հայտնում է, որ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, և հորդորում է այն քննության չառնել՝ փոխարենը հիմք ընդունել նոր դիմումը: Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ՝ տես լուսանկարում:
Աղավնի Սուքիասյան