Նապոլեոն Ազիզյանը չի ուզում հրաժարվել մանդատից: Այս մասին օրերս հայտարարել է ընտրյալ պատգամավորն՝ ինքնաբացարկի դիմումների շուրջ բարձրացած աղմուկի ժամանակ:
Այսօր «Կանյաչնիում» «Ծառուկյան» դաշինքի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Նապոլեոն Ազիզյաննն ասաց, որ այսօր իր համար պարզ կդառնա՝ կշարունակի՞ պատգամավոր մնալ, թե՝ ոչ:
Լրագրողների հարցին, եթե Գագիկ Ծառուկյանն իրենից պահանջի չվերցնել մանդատը, ինքն ի՞նչ քայլի է դիմելու, Ազիզյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ համար պետք է Գագիկ Ծառուկյանն ինձ նման բան ասի: Էլի մի տվեք նույն հարցը, հիմա գնամ հանդիպման, մեկ ժամից պարզ կդառնա՝ մանդատը կվերցնեմ, թե՝ ոչ: Այսօր կորոշվի՝ ովքեր մանդատը վայր կդնեն: Ինչ ասել եմ՝ հաստատում եմ. լավ եմ անում, «պախկվոցի» չեմ խաղում»:
Դիտարկմանն՝ իսկ գուցե իրեն մանդատը վայր դնելու որոշումը պարտադրվի՝ առանց իր համաձայնության, ինչպես եղավ ինքնաբացարկների դիմումների ժամանակ, Նապոլեոն Ազիզյանը պատասխանեց. «Ոչ մի ինքնաբացարկի դիմում էլ չի եղել, վե՛րջ տվեք»,-ասաց պատգամավորը՝ շտապելով հանդիպման: