Մեկուկես օրվա մեջ տեղի ունեցածը կարելի է բնորոշել ապստամբություն` «Ծառուկյան» դաշինքում: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվեց քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված՝ ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը ճանաչելու հարցը:
«Ընտրված պատգամավորներից շատերի ելույթներից չեմ կարող գալ այն եզրակացության, որ իրենք սկզբից ինքնաբացարկ են հայտնել, հետո հրաժարվել են դրանից: Սրանից հետևություն՝ նրանց փոխարեն ինչ-որ մեկը այդ փաստաթղթերը ստորագրել է: Սրանք կեղծիքներ էին, որոնց մասին բացեիբաց արտահայտվեցին «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով անցած շատ թեկնածուներ: Նրանք երեկվանից սկսած՝ մեկնաբանություններ տալով բացահայտում էին, որ այսօր կհայտարարեն, թե իրենք ոչ մի ինքնաբացարկի մասին հայտարարություն չեն արել և կվերցնեն իրենց մանդատները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր դրա ականատեսն եղանք:
Քաղաքագետի կարծիքով՝ սրա մեղավորները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարներն են` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք պետք է ճիշտ հաշվարկներ անեին և նորընտիր Ազգային ժողովի երկրորդ մեծության ուժը չգցեին այսպիսի վիճակի մեջ:
Գագիկ Համբարյանի խոսքով, եթե որևէ մեկի իրավունքները ոտնահարվել են, ապա ինքը հակադարձեց և ետ ստացավ իր մանդատը. «Կային նաև մարդիկ, ովքեր հլուհնազանդ ձայն չհանեցին և վայր դրեցին իրենց մանդատը՝ գտնելով, որ իրոք պետք էր հրաժարվել մանդատից: Բայց մարդիկ էլ կային՝ գտան, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, որի մասին բարձրաձայնեցին և ետ ստացան մանդատը»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք պետք է բնութագրեն՝ ինչ տեղի ունեցավ:
Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքին, թե Ծառուկյան դաշինքից 23 դիմումներն էլ հաստատված էին նոտարով, քաղաքագետը պատասխանեց.
«Կապ չուներ նոտարով հաստատված էին, թե ոչ, քանի որ գիտենք՝ մեր երկրում Քենեդին էլ կարող է իր անձնագրով ներկայանալ: Այնպես որ նորություն չէ, թե այստեղ ինչպես են այդ ամենը հաստատում: Շատ լավ կլինի, որ իրավապահ մարմինները պարզեն՝ ինչպես է եղել, որ այդ փաստաթղթերը հաստատվել են նոտարով»:
Ըստ Համբարյանի՝ Արթուր Ծառուկյանի, Հարություն Ղարագյոզյանի, Նապոլեոն Ազիզյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Արարատ Զուրաբյանի արձագանքն այս ամենին ցույց է տալիս, որ նրանք բացարձակ տեղյակ չեն եղել. «Պետք է նշել, որ նրանք էլ բացահայտեցին, որ շատ քաղաքական ուժերում և ԲՀԿ-ում կա այդ չգրված կանոնը, երբ որևէ քաղաքական ուժ մասնակցում էր ընտրություններին, նախորոք ինչ-որ թուղթ էին ստորագրում և այդ քաղաքական ուժերի լիդերները դրանք օգտագործում են սեփական հայեցողությամբ... և փաստորեն, ստացվեց այն, ինչ-որ ստացվեց»,- նշեց նա՝ ընդգծելով, որ վերոնշյալ անձանցից գուցե որոշները ձայն անգամ չեն հանել ԱԺ-ում, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ձայներ բերող գործիչներ են և նրանց կարծիքը շատ կարևոր է հաշվի առնելը, և հենց սրանով է պայմանավորված նրանց ըմբոստությունը և նրանց առանց տեղյակ պահելու զրկել պատգամավորական մանդատից՝ կոպիտ սխալ է:
Սոնա Հարությունյան