Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպումներ են ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: Դաշինքի ներկայացուցիչները' քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջել են Նոր Նորք վարչական շրջանի տարբեր թաղամասերում, եղել են շենքերի բակերում և քաղաքացիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու Երևանի զարգացման իրենց տեսլականը:
ԵԼՔ դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընտրողներին, նշեց, որ մայիսի 14-ին նրանք հնարավորություն ունեն Երևանում հաստատել հաշվետու, արդյունավետ ու ժողովրդի իշխանություն: «Դրա համար անհրաժեշտ է, որ մայիսի 14-ին դուք գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք ԵԼՔ դաշինքի օգտին: Սիրելի հայրենակիցներ, մայրաքաղաքի հպարտ քաղաքացիներ, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր և քվեարկեք ԵԼՔ դաշինքի օգտին: Եվ չհուսահատվեք, սիրելի հայրենակիցներ, որովհետև ելք կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Փաշինյանը:
Քարոզարշավի ընթացքում ԵԼՔ դաշինքի անդամները պարզեցին, որ շենքերից մեկի աղբատարն արդեն 2 շաբաթ խցանված է, իսկ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Նիկոլ Փաշինյանը տեղում պարզեց տվյալ շենքը սպասարկող համատիրության նախագահի հեռախոսահամարը, զանգահարեց ու տեղյակ պահեց վերջինիս խնդրի մասին: Համատիրության նախագահից ստանալով խոստում, որ խնդիրը շատ արագ կլուծվի' Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և նաև հավելեց, որ անպայման ստուգելու է' լուծվե՞լ է խնդիրը, թե ոչ:
Այնուհետև Փաշինյանը բնակիչներին հայտնեց, որ խոսել է համատիրության նախագահի հետ, ով խոստացել է մինչև առավոտ լուծել խցանված աղբատար խողովակի հարցը: «Իհարկե, ես վաղը կստուգեմ, բայց նաև դուք իմացեք, որ այսպիսի պայմանավորվածություն կա»,- ասաց Երևանի քաղաքապետի թեկնածուն:
ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ է անում երևանցիներին մայրաքաղաքի որեւէ հատվածում քաղաքային որեւէ խնդիր տեսնելիս լուսանկարել եւ տեղադրել Facebook-ում՝ #ՏարոնՋանՍիրունՉի հեշթեգով: Փաշինյանը նշեց՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կզբաղվի այդ խնդիրներով: