Կառավարության մայիսի 5-ի որոշմամբ՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կասեցվեց պարտադիր քվոտայի պահանջը: Կառավարությունն այդ օրենքը կասեցրեց՝ այն համարելով ոչ արդյունավետ:  

 

Հիշեցնենք, որ քվոտայի պահանջը սահմանված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով: Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանված է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա)' հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար: Այսինքն՝ հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունները պետք է ապահովեին հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածությունը աշխատողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսի չափով:


ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Disabilityinfo ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանը, խոսելով Կառավարության՝ վերը նշված որոշման մասին, շեշտեց, որ քվոտան, ըստ էության, որևէ նոր բան չէր տվել հաշմանադամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ նրանք, այսպես թե այնպես, պետական համակարգում ինչ-որ տոկոսով աշխատում էին, և քվոտան աշխատանքով չապահովեց, օրինակ, տեսողության և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիներին, քվոտայի կիրառումը աշխատատեղով չապահովեց այս խմբին, նրանց կյանքի վրա այդ քվոտան ազդեցություն չունեցով և նրանց զբաղվածության հարցը չլուծվեց:

 

«Հիմա Կառավարությունը, փոխարենն ավելացնի քվոտայի տոկոսաչափը՝ այն ավելի արդյունավետ դարձնելով, որոշել է այն կասեցնել: Կառավարության բերած հիմնավորումների մեծ մասը ենթակա է փոփոխության, դրանք կարելի է փոփոխել և քվոտայի պահանջը բավարարել: Օրինակ՝ Կառավարության բերած հիմնավորումներից մեկում նշվում է, որ օրենքում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու դեպքում պետական կառույցներում արգելք կա, այո՛, կա, թող դա բացառեն, օրենքի խտրականությունը վերացնեն: Կառավարության մյուս հիմնավորմամբ նշվում է, որ գործատուները նաև չեն տիրապետում իրենց աշխատողների' հաշմանդամություն ունենալու մասին տեղեկությանը: Այս հիմնավորումը նույնպես պատճառ չի կարող դառնալ քվոտավորման համակարգը կասեցնելու համար»:


Նշենք, որ երեկ ընդունված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում արդեն արված մասնահանումները արտաբյուջետային միջոցներից կվերադարձվեն կատարած կազմակերպությունների հաշվեհամարներին:


Զարուհի Բաթոյանի համոզմամբ՝ պետական կառույցները պարտավոր են տիրապետել և տրամադրել իրենց կառույցներում աշխատող հաշմանդամություն ունեցող աշխատողների մասին տեղեկատվությանը, որոնք էլ պետք է փոխանցեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

 

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պետք է բազա ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ, որն անհրաժեշտ է, նախքան օրենքներին անցնելը: 

 

«Մինչև այդ օրենքը կիրառության մեջ մտցնելը՝ հետազոտություն չեն արել, որն էլ բերել է կասեցման: Հարց է առաջանում, որքանով էր պետական հիմնարկությունների համար դժվար ուսումնասիրել՝ թե հաշմանդամություն ունեցող քանի քաղաքացի է աշխատում իրենց մոտ: Պարզապես վերլուծություններ չեն արվել, օրենքի ադյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ չեն կատարվել՝ նախքան այն կիրառելը և, հետևաբար, այս բացն էլ պատճառ դարձավ, որ այդ օրենքը կասեցվի՝ անարդյունավետության հիմքով»

 

Աղավնի Սուքիասյան