Մայիսի 6-ին հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը չափազանց ուշագրավ ասուլիս էր տվել, ուր անդրադարձել էր մի շարք կարևորագույն հարցերի, որոնք այժմ ծառացած են ՀՀ առջև' պայմանավորված արտաքին մարտահրավերների բազմացմամբ: Թե հատկապես ինչու հենց հիմա' Լավրովի հայտնի հարցազրույցից մեկ օր հետո որոշվեց ասուլիս կազմակերպել ու պատասխանել Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին, այնքան էլ դժվար չէ կռահել. այդ իրողությունն, ըստ էության, պայմանավորված է արտաքին աշխարհից եկող վտանգների է՛լ ավելի սրացմամբ ու, ամենակարևորը, Բաքվում ու Անկարայում իշխող տրամադրություններով, որոնք չեն բխում ռուսական շահերից. ռուսները հասցրել են վերագնահատել իրենց քաղաքականությունը մի տարածաշրջանում, որի անվտանգությունից է կախված լինելու Ռուսաստանի հետագա ճակատագիրը:
Նախ' մի քանի շեշտադրումների մասին, որոնք հնչեցին ասուլիսում: Կարևորագույն շեշտադրումը, թերևս, պետք է համարել այն, որ ևս մեկ անգամ ի լուր աշխարհի փաստվեց, որ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորումը գործելու է բացառապես Հայաստանի գլխավոր գերագույն հրամանատարի ղեկավարության ներքո, որը պարտավորված չէ իր քայլերի համար թույալտրություն հարցնել Մոսկվայից: Երկրորդ' զորախումբը պատրաստ է ցանկացած պահի Հայաստանին սպառնացող ցանկացած վտանգ կանխարգելել' լինի այդ վտանգը թուրքական կողմից, Նախիջևանի կողմից, թե' արցախյան ճակատի: Վերջին հանգամանքն առավել քան կարևոր է անկասկած, մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ այսօր մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը գալիս է հենց արևելքից:
Ուշագրավ էր, սակայն, ոչ միայն ասուլիսն ինքնին, այլև դրանում հնչած ուղերձները, որոնք հասցեագրված էին թե՛ Ադրբեջանին, թե՛ նրա մեծ եղբայր Թուրքիային: Կասկած լինել չի կարող այն բանում, որ այս ասուլիսն ամենևին էլ հայկական կողմի միանձնյա որոշման արդյունք չէր. չտեսնել այստեղ Մոսկվայի ձեռքն, ուղղակի անհնար է: Եթե կուզեք' հայ հրամանատարի շուրթերով Կրեմլն էր առաջին հերթին խոսում ու փորձում թուրքերին հասկացնել, որ եթե համարձակվեն ստատուս-քվոն խախտել, ապա Ռուսաստանը չի հապաղի ու լիարժեքորեն կկատարի իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի հանդեպ,որի պարագայում Բաքուն, բնականաբար, կարող է բախվել անկանխատեսելի ու ողբերգական հետևանքների:
Հարց է ծագում, սակայն, ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի նման հայամետությունը կամ ինչ կա թաքնված սրա հետևում, քանի որ սովորաբար Մոսկվան փորձում է չեզոք դիրքերից հանդես գալ ու խուսափում է թեկուզ միջնորդավորված կերպով սպառնալիքներ հնչեցնել Բաքվի հասցեին: Պատճառն իրականում չափազանց տեսանելի է. Մոսկվայի հաշվարկները' Բաքվի հետ կապված, իրականում փուչ դուրս եկան. ռուսները հասկացան,որ ազերիներն իրականում շատ խորամանկ ու հենց ռուսաական շահերի դեմ ուղղված խաղ են խաղում' փորձելով տպավորություն գործել, թե եթե Արցախի հարցում Մոսկվան հայամետ դիրքորոշում որդեգրի, ապա իրենք չեն խուսափի ՌԴ գիրկը նետվելուց' մի բան, որն իրականում երբեք չի կարող տեղի ունենալ, քանի որ Ադրբեջանը լիովին գտնվում է Արևմուտքի քաղաքական ու ֆինանսատնտեսական ազդեցության տակ: Այլ կերպ ասած' Կրեմլին չհաջողվեց կարկանդակի միջոցով, որի դերում հանդես էր գալիս Արցախը, Բաքվին կտրել Լոնդոնից, ու հիմա ռուսները, հիասթափված պուճուր խանից, փորձում են կանխել վերահաս աղետը, որ Բաքուն ու Անկարան ջանում են բերել Անդրկովկասի գլխին: Հայաստանն ու Արցախը հիմա ռուսներին շատ ավելի են պետք, քան երբևէ. Լենին-Աթաթուրք դաշինքը բացառված է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ