Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Թշնամու գործելաոճը, որը վերջին շրջանում դառնում է ավելի քան ընդգծված միլիտարիստական, պետք է դիտարկել Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների պրիզմայի ներքո: Եթե դիտարկենք, որ ճիշտ էին տեղեկությունները, որոնց համաձայն Փաշինյանի և Ալիևի միջև առկա էր որոշակի պայմանավորվածություն՝ կոնկրետ ժամկետով հարաբերական խաղաղություն պահպանելու մասով, ապա ակնհայտ է, որ վերջին շաբաթների ընթացքում Բաքվից տարատեսակ մեսիջներ էին հնչում առ այն, որ այդ ժամանակը սպառվել է: Ասել է թե` եկել է պայմանավորվածությունների մյուս մասն ի կատար ածելու ժամանակը: Սակայն, սահմանային վերջին էսկալացիան ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանին է, ինչը ինքնին մեկ այլ բովանդակային եզրակացության հիմք է տալիս:

 

Այս քայլով Բաքուն «զոնդաժ» էր անում առավելապես ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին` ստուգելով՝ արդյոք Ռուսաստանը, որի հետ վերջին շրջանում զգալիորեն լարվել են պաշտոնական Երևանի հարաբերությունները, կանաչ լույս կվառի ավելի լայնածավալ ռազմական գործողությունների համար: Ռուսական կողմի պատասխանը, ի դեպ, չուշացավ, թեև ոչ պաշտոնական և բավական երկիմաստ, սակայն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան գրառմամբ Ադրբեջանին հիշեցրեց Պետերբուրգի ֆորումը և ակնարկեց հավանական թեժացման մասին: Իհարկե, Զախարովան նկատի ուներ ոչ թե Բաքվում յուրաքանչյուր ամառ անցկացվող «Жара» երգի փառատոնը, այլ բառի բուն իմաստով՝ քաղաքական տապը, որը կարող է սպառնալ Բաքվին, եթե վերջինս շարունակի իրավիճակի էսկալացիան:

Ինչո՞ւ հենց Պետերբուրգի ֆորումը: Չմոռանանք, որ ապրիլյան քառօրյայից հետո հենց Պետերբուրգում տեղի ունեցավ Պուտին-Ալիև-Սարգսյան եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերն իրենց իսկ պնդմամբ հասան փոխըմբռնման և տեղի ունեցավ այսպես ասած` վերադարձ Մինսկի Խմբի ֆորմատի հուն և էլ ավելի ամրապնդվեցին Մոսկվայի դիրքերը բանակցային գործընթացում: Հետևաբար, հիշեցնելով Պետերբուրգյան ֆորումը, Զախարովան ակնարկում է պայմանավորվելու անհրաժեշտության մասին, իսկ թեժ օրերի մասին հիշատակումը՝ Մոսկվայի տողատակով զգուշացումն է Բաքվին: Նշենք նաև որ արտակարգ նիստ է հրավիրել ՀԱՊԿ մշտական խորհուրդը, ինչը բավական օպերատիվ քայլ է՝ հաշվի առնելով այս կառույցի նախկինում դրսևորած պասիվությունը նմանատիպ իրավիճակներում:

Միևնույն ժամանակ փաստենք, որ ՌԴ մեսիջն ուղղված էր ոչ միայն Ադրբեջանին և Իլհամ Ալիևին, այլ նաև հարևան Թուրքիային, որի ԱԳՆ-ն երեկ կոշտ հայտարարություն էր տարածել: «Մենք վճռական դատապարտում ենք հայկական զինված ուժերի հարձակումը Ադրբեջանի Թովուզի շրջանում», – անմիջապես հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ «միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չի ընդունի ագրեսիան արդարացնելու Հայաստանի փորձերը։ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը պահպանելու պայքարում», – նշված է հաղորդագրությունում։ Ռուսաստանի ներգրավումը նոր կոնֆլիկտում ձեռնտու է Թուրքիային, որը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ է Սիրիայում եւ Լիբիայում եւ անհրաժեշտ է նոր հարթակ առեւտրի համար։ Ռուսական կողմն էլ իր հերթին արդեն իսկ հասկացնում է, որ այդ հարթակը Թուրքիային տրամադրել չի պատրաստվում…