Հայաստանում պաշտոնապես նվազել է ամուսնության եւ աճել ամուսնալուծությունների դեպքերի քանակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցված ամուսնության դեպքերը 7.4 տոկոսով նվազել են:

Իսկ ահա նույն ժամանակահատվածում ամուսնալուծության դեպքերը 14.2 տոկոսով աճել են: Ըստ մասնագետների' ամուսնությունների դեպքերի քանակի նվազումը պայմանավորված է ոչ միայն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումով, այլեւ մշտական բնակչության թվաքանակի նվազումով: Բացի այս' մարդիկ ուշ են ամուսնանում, որովհետեւ ֆինանսական հնարավորություններ չկան: Նաեւ մի կարծիք կա, ըստ որի' ե՚ւ ամուսնության, ե՚ւ ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը տարբեր խնդիրների շուրջ վեճերն են, բնավորության անհամատեղելիությունը եւ արտագնա աշխատանքի մեկնումը: Ամուսնալուծության ոչ պակաս կարեւոր պատճառներից են նաեւ նյութական միջոցների անբավարարությունը:

Իրականում ստեղծված տխուր վիճակագրության մեջ մեծապես մեղավոր է նաև պետությունը, իսկ ավելի ճիշտ պետական համակարգված քաղաքականության բացակայությունը, ռազմավարության բացակայությունը, ինչը թույլ կտար խուսափել նման ողբալի պատկերից և հարվածի տակ չդնել ընտանիքի ինստիտուտը, որը առանցքայինն է պետության հիմքերի ամրապնդման և ազգային անվտանգության համատեքստում: Մինչդեռ շատ երկներում, ընդ որում նույնիսկ ոչ այնքան բարեկեցիկ՝ վարվում է հստակ քաղաքականություն , որը երիտասարդների համար ընտանիք կազմելու բարվոք պայմաններ է ապահովում: Կարելի է փաստել, որ մեզանում ընտրություններին տրված թեժ ու ճոխ խոստումներից զատ որևէ լուրջ քայլեր չեն արվում: Արդյունքում յուրաքանչյուր ընտրությունից հետո շարունակվում է վարվել նույն քաղաքականությունը, որի միակ հետևանքը կարող է լինել արտագաղթը, երիտասարդների հիասթափությունը և որպես արդյունք՝ քանդված ընտանիքներ: Եվ եթե պետական համակարգը կարծում է, որ ինքը ունակ չէ փոխել այս վիճակը, ապա սխալվում է: Ընտանիքի ինստիտուտը պետք է պատշաճ ուշադրության արժանանա, որպեսզի հաջորդ տարվա վիճակագրությունը ունենա արմատապես այլ տեսք՝ տոկոսային դրական տրանսֆորմացիայով:

Ստելլա Խաչատրյան