Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականությանն և սահմանների անձեռնամխելիությանը: ԵՄ անդամ Իսպանիայի և անկախություն հռչակած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է: Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազն երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը: Հայաստանը փորձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս՝ դա գրեթե անհնար է թվում: Նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրն իրավական ուժ չունի, սակայն այն, որպես դիրքորոշում, կարող է տարբեր առիթներով օգտագործվել:
Համաձայնագրի մեջ կոնֆլիկտների հետ կապված ձևակերպումներն իդեալական են. եթե հռչակագրում կան խնդիրներ՝ հայկական կողմը պարտավոր է դրանք լուծել մինչ ստորագրման օրը: Ադրբեջանը նույնատիպ պայմանագիր է պատրաստվում ստորագրել ԵՄ հետ, այն պատրաստ է, սակայն ստորագրման համար դեռ կես տարվա աշխատանք կա։ Այն կետերը, որոնք կապված կլինեն Արցախի հետ և կլինեն պայմանագրում, ավտոմատ՝ տեղ է գտնելու նաև Ադրբեջանի հետ ստորագրվելիք նույնանման պայմանագրում։ Տնտեսականը՝ այո՛, կտարբերվի, սակայն Արցախի հարցով այն մնալու է նույնը։ Սա է նաև այն պատճառներից մեկը, որ հայկական կողմը պետք է խուսափի անակնկալ որոշումներից և պարտադիր կերպով ստորագրի այս պայմանագիրը: Աշխատանքներ պետք է տարվեն մինչև գագաթնաժողովը: Բնական է, որ Հռչակագրից վերջին պահին կետեր կամ ձևակերպումներ մենք չենք կարող հանել. այնտեղ 28 պետության և 6 ԱլԳ անդամ պետության ղեկավար է ներկա լինելու: Պետք է հասնել կոմպրոմիսի՝ մինչև գագաթնաժողով։ Եթե չհասնենք նման կոմպրոմիսի, ապա կստորագրենք հռչակագիրը՝ վերապահումով։ Բայց այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ ուշագրավ հարց՝ արդյո՞ք մեր իշխանություններն ունեն այդքան կամք և վճռականություն՝ հակադարձելու նման բարձր վեհաժողովի հյուրերին և առաջ տանելու սեփական դիրքորոշումը: Այս տեսանկյունից՝ սա նաև ստուգատես է հանդիսանալու իշխանությունների համար:
Ինչո՞վ այս պահին կարող է հակադարձել հայկական կողմը: Մենք արդեն իսկ ունենք հրապարակված Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված շրջանակային համաձայնագրի» տեքստը, որտեղ առանձին անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ Եվրամիության մոտեցման մասին: Իսկ դա նշանակում է, որ Եվրամիության բոլոր երկրները կիսում են այդ մոտեցումը: Եթե արդեն այդ մոտեցումը կիսել են, բանակցել են, համաձայնել են, նախաստորագրել են և տեքստն են հրապարակել, որ նոյեմբերի 24-ին ստորագրեն, իսկ դրա փոխարեն՝ այդ օրը հակառակ բան են հռչակում, արդեն հակասում են հենց իրենց մոտեցմանը:
Եվ ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ Հռչակագրում հայտնվեցին նման հակահայկական սահմանումներ: Վերջին շաբաթներին Ալիեւն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացնում եվրոպական կառույցներին եւ ԵՄ անդամ պետություններին, անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ո՞րն է Ալիևի նպատակը: Երկու տարի առաջ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվեց, որ գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, այդ թվում՝ նրանց եւ նախագահների 2009թ. հայտարարություններին։ Երկու տարի առաջ այդ հռչակագրի ընդունումից անմիջապես հետո Ալիեւը, ապա՝ Մամեդյարովը լքեցին Ռիգայի գագաթնաժողովը:Հիմա Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում հասնել նրան, որպեսզի ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի, այսինքն՝ ձգտում են Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումն արմատապես փոխել:
Ստելլա Խաչատրյան