Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի գործող քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա ընդգծեց, որ 5 տարիների ընթացքում Երևանը ավելի բարեկեցիկ դարձնելու համար կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
«Շատ խնդիրներ և հարցեր, որոնք բարձրացրել են Երևանի բնակիչները մենք ներառել ենք նախընտրական ծրագրում: Վստահ ենք, որ մեր թիմը կարող է այն խնդիրները լուծել»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: Նա վստահեցրեց, որ Երևանի մյուս հարցերի հետ զուգահեռ լուծվելու է քաղաքային տրանսպորտի խնդիրը:
«Ուսումնասիրել ենք այլ երկրների փորձը քաղաքային բարեփոխումների հետ կապված: Այսօր մենք ունենք այդ փորձը և վստահեցնում եմ ձեզ, որ կարող ենք այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Մարգարյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: