«Ես չեմ կարծում, թե քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատողների աշխատավարձերը բարձր են: Մենք շատ կուզենայինք մեր աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնեինք, բայց պետք է նայենք մեր հնարավորություններին: Այսօր մենք պետք է մտածենք մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, մի քանի տարի առաջ մենք բարձրացրել ենք համայնքային ծառայողի աշխատավարձը, այսօր պետք է մտածենք մանկավարժների, մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին»,- այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով հարցին՝ ինչու Երևանի քաղաքապետի տեղակալները վերաընտրվեցին, արդյոք կողմ չէ՞ երիտասարդ կադրերի ներգրավվմանը, քաղաքապետը պատասխանեց.
«Երիտասարդները շատ են, մենք երիտասարդներին մեծ տեղ ենք տալիս, որպեսզի կարողանան մասնակից լինել մեր քաղաքի կառավարմանը»,- ասաց նա:
Մարգարյանը նշեց՝ տարիներ շարունակ քաղաքապետարանն ունեցել է կառուցվածքային փոփոխություններ, և եթե համեմատենք 2007-2008թթ. հաստիքացուցակները ներկայիս ցուցակների հետ, կտեսնենք՝ ինչ փոփոխություններ են կատարվել:
Նշենք, որ այսօր Երևանի ավագանին հաստատել է աշխատակազմի հաստիքացուցակը, որը փոփոխության չի ենթարկվել: