Հադրութի շրջանի Ակնաղբյուր (Աղբուլաղ) գյուղն ունի մոտ 350 բնակիչ: Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրված այս գյուղը բավական երիտասարդ գյուղ է, երեխաներ շատ կան, աշխուժություն, համեմատած այլ գյուղերի հետ՝ կա:


Իսկ այսօր առանձնահատուկ օր էր գյուղի բնակիչների համար: Տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի երեխաները ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարներով վերնաշապիկներ էին հագել: Նրանցից ամենափոքր տղան, ով հագել էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկ և ի դեպ, ասում էր՝ նման է Աբաջյանին թե՛ հայացքով, թե՛ մազերով...



Հուշաքարի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Ոստիկնապետ Կամո Աղաջանյանը, ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, զինվորականներ, գեներալներ, սպաներ, ազատամատիկներ, գյուղի բնակիչներ Հայաստանից ժամանած հյուրեր և այլք:

Հուշաքարի բացման պատիվը հանձնվել էր Ակնաղբյուրի գյուղապետ Արթուր Բաբաջանյանին և զոհված ազատամարտիկներից մեկի թոռնուհուն, որից հետո քահանան օրհնեց հուշաքարն ու խաղաղություն մաղթեց Արցախ աշխարհին:
Միջոցառման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գյուղի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալներով, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն էլ կոչումներ շնորհեց զինվորականներին, դրամական օգնություն հատկացվեց ազատամարտիկների ընտանիքներին:

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հրամանագրով, որն ընթերցեց ԵԿՄ փոխնախագահ Օհան Գևորգյանը, Ակնաղբյուրի ջոկատի առաջին հրամանատար Պավել Գրիգորյանը և հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը պարգևատրվեցին Եռասերունդ երկրապահ մեդալով:

ԵԿՄ 25 տարի հոբելյանական մեդալով պարգևատրվեցին Ացախի նոր կազմավորվող պաշտպանության բանակի Հադրութի պաշտպանական շրջանի գումարտակի վաշտի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խորեն Հովսեփյանը, Ակնաղբյուրի գյուղապետ Արթուր Բաբաջանյանը, պահեստազորի մայոր Բաղրյան Տոլիկը: Հայաստանի երկրապահի հուշամեդալով պարգևատրվեց Ակնաղբյուրի դպրոցի տնօրեն Լիրա Ասրյանը, ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալով պարգևատրվեցին Էդիլվա ձորակի գյուղերի մի խումբ ազատամարտիկներ՝ Վլադիկ Գիգորյանը, Իվան Հովսեփյանը, Ալեքսեյ Գրիգորյանը, Էդիկ Խանայանը, Սերգեյ Բալայանը, Միքայել Ասրյանը, Արմեն Ալեքսանյանը: Երկրապահ կամավորականների միությունը Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ հեռուստացույց նվիրեց Ակնաղբյուր համայնքի հանդիսությունների սրահին:

Պարգևատրման արարողությունից հետո Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտները հատուկ այս օրվա համար պատրաստված բանաստեղծություն արտասանեցին՝ նվիրված արցախյան ազատամարտի և ապիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակին:

Զոհված ազատամարտիկի կին Առլետա Ամիրջանյանն իր խոսքում ասաց, որ հայրենասիրությունն ապացուցում են ոչ թե խոսքով, այլ՝ գործով:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դիմելով հավաքվածներին նշեց՝ նման միջոցառումներն իրենց համար երդման արարողություն է՝ ավարտին հասցելու իրենց ընկերների կիսատ թողած գործը:

Արցախի հերոս գենեալ Մանվել Գրիգորյանը հավաքվածներին, իր մարտական ընկերներին, ազատամարտիկներին շնորհավորեց մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Նա հատուկ շեշտեց, որ ինքը կերտվել, կայացել է այստեղի ժողովրդով, հողից ջրից սնվելով դարձել է այն, ինչ այսօր կա:

Ելույթներից հետո բոլոր հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարի առջև և խոստացան ավարտին հասցնել իրենց զոհված մարտական ընկերների կիսատ թողած գործը…

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com
Քրիստինա Աղալարյան
Արցախ, Հադրութ