ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որդու կողմից ծնողներին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։
2017թ. մայիսի 13-ի ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Կնոջ մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր», ամուսնու մոտ՝ «ձախ այտի, բազկի, գոտկատեղի, ծոծրակի շրջանների ծակած-կտրած վերքեր»։ Պարզվել է, որ ամուսինները վնասվածքներն ստացել են տանը՝ որդու հետ վիճաբանության ժամանակ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ որդին դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նախ մորը՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ կրծքավանդակի շրջանում, ապա՝ դեպքին միջամտած հորը, այնուհետև՝ ցած նետվել 6-րդ հարկից:
Մոր առողջական վիճակը բժշիկները գնահատում են ծայրահեղ ծանր: 6-րդ հարկից ցած նետվելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև որդին՝ ոտքի շրջանում։
Տղայի և հոր կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե