ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 14-ին մահացած ժամկետային զինծառայող Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, 19 տարեկան:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մահացած զինծառայողի հարևանուհի Ն. Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Արշակը Արշակյանը շատ լավ, խելոք, ակտիվ, աշխույժ երիտասարդ էր:

 

Հարևանուհին նշեց՝ զինծառայողն ապրում էր մոր և իրենից մի քանի տարի մեծ եղբոր հետ:

 

«Միակողմանի ծնողազուրկ էր. հայրը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի էր գնացել, որտեղ էլ երեք տարի առաջ մահացավ սրտի կաթվածից: Սոցիալապես նորմալ վիճակում էին, ոչ ճոխ էին ապրում, ոչ էլ՝ շատ վատ: Մայրն աշխատում էր, ապրում էին: Շատ լավ ընտանիք էին»,- հավելեց Ալավերդյանը:
 
 
Հարցին՝ ո՞րն է եղել զինծառայողի մահվան պատճառը, հարևանուհին դժվարացավ պատասխանել. «Որևէ բան չգիտենք: Մենք էլ ենք մամուլից տեղեկանում»:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում' պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:


Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Սոնա Հարությունյան