Արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հուլիսի՝ 23-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնեց Երևանում ժամկետային զինծառայողի մահվան մասին: ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանը Վանաձոր քաղաքի Շիրակացու 5 շենքի բնակիչ էր:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նույն շենքի բնակիչներից մեկը նշեց, որ զինծառայողի ընտանիքը սոցիալապես այնքան էլ վատ վիճակում չէր. «Ընտանիքում ապրում են հայրը, մայրը և փոքր քույրը: Սոցիալապես բավարար վիճակում են. ոչ շատ վատ են ապրում, ոչ էլ՝ շատ լավ: Մայրն աշխատում է հագուստի տոնավաճառում, իսկ հայրը գործազուրկ է»,- նշեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ Վարդան Մելքոնյանը հանգիստ տղա էր. «Փոքր տարիքում ենք շփվել իրար հետ, միասին շատ ենք խաղացել բակում: Շատ խելոք, լավ բնավորության տեր տղա էր»:
Հարևանը, սակայն, դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչը կարող էր լինել զինծառայողի ինքնասպանություն գործելու պատճառը:
Նշենք, որ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանը1 տարի 10 օրվա ծառայող էր:
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։
Սոնա Հարությունյան