Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում հայկական կողմից մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ այդ իսրայելական արտադրության հրթիռներով ադրբեջանական կողմը մինչև 8-10 կմ խորությամբ կարողանում է դիտարկում իրականացնել հայկական կողմում և խոցել մեր տեխնիկան, ադրբեջանական կառավարվող հրթիռները հայկական կողմում՝ նոր տակտիկա է և Ալիևը նոր բան է մտածել: 

 

«Սա արդեն նորություն էր, նախկինում մենք էինք նման հրթիռներով իրենց տեխնիկան խոցում, հիմա սկսել են իրենք իրենցը ցուցադրել: Քանի որ ադրբեջանական իշխանությունները վախենում են լայնամասշտաբ պատերազմի դիմել, ուստի, իրենց մնում է մեկ ելք՝ սադրանքների դիմելով ցուցադրել իրենց ռազմական հնարավորությունները»:


Մանվել Սարգսյանը շեշտում է, որ հակառակորդի այս գործողություններն ու որդեգրած նոր մոտեցումները միտում ունեն չեղարկելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն, ինչը կարող է հիմք դառնալ արցախյան հակամարտության կարգավորման համար. «Հայակական սահմանների ուղղությամբ սադրանքների՝ Ադրբեջանը դեռ էլի կդիմի, քանի որ այս կերպ փորձում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից, որոնց մասին խոսվեց Վիեննայում»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի դիմի, քանի որ դա կանխորոշում են գերտերությունները և միջազգային քաղաքականությունը, թեև՝ գնալով ավելի լուրջ ագրեսիաների է դիմում:

 

«Ալիևը միայն մեկ օրով որոշեց ապրիլին պատերազմել. քնել-արթնացել էր և որոշել էր հարձակվել, և դրա հետևանքով մեծաքանակ զոհեր ունեցավ: Ուստի, պետք է փաստեմ, որ մեր հակառակորդը շատ անկանխատեսելի է և հնարավոր չէ կռահել, թե հաջորդ լուրջ ռազմական գործողությանը երբ կդիմի: Այս փաստը կա, բայց մյուս կողմից՝ բոլորը համոզվեցին, որ Ապրիլյան պատերազմն էլ այլ պետություններ էին թույլատրել նրան, և Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն այստեղ մեծ դերակատարում ունեցան, հետևաբար,  դատարկ տեղը լայնամասշտաբ պատերազմ չէր  սկսի»:


Խոսելով հայկական կողմի պատրաստվածության մասին՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը գիտի, որ մեզ հետ խոշոր քայլերի գնալը վտանգավոր է: «Հայկական կողմը նույնպես ունի բարձր պատրաստվածություն, բայց դա քիչ է. Ադրբեջանը նոր քայլերի է դիմում, ուստի՝ մեր քաղաքականության մեջ էլ նոր կետեր պետք է մտցնել, սակայն մեզ մոտ ամեն ինչ մնացել է նույնը՝ մենք շարունակում ենք հույսը դնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա, ես չգիտեմ, թե մերոնք ինչի են սպասում»,-խոսքը եզրափակեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը: