«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հասարակության մեջ լսարան ունի»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամների հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը շուտով կխոսի և շատ կոնկրետ ելույթ կունենա:
Հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը ունի առիթներ` Նիկոլ Փաշինյանի գործունեության ընթացքում արձանագրված սխալներ կամ թերացումներ նշելու համար, պատգամավորը պատասխանեց. «Կլսենք տեքստը, կտեսնենք, թե ինչի վերաբերյալ է խոսում Սերժ Սարգսյանը և կհասկանանք, թե դա զուտ ելո՞ւյթ է, որը պետք է լիներ, թե՞ իրականում, այո՛, ասելիք կար»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:
Իսկ թե արդյո՞ք հասարակության մեջ կլինեն մարդիկ, ովքեր հեղափոխությունից մեկ տարի անց կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Ո՛չ, չեն լինի: Տեսնում եք, չէ՞, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ ջանքեր ենք գործադրում, ինչ գումարներ են ծախսում, բայց զրո արդյունք են գրանցում: Արդյունք չեն ունենում, որովհետև հասարակության թե՛ հիշողությունն է տեղում, թե՛ գիտակցությունը: Նրանք, երկար ժամանակ լինելով իշխանություն, չէին կարողանում լինել լավ իշխանություն, գոնե սովորեին լինել ընդդիմություն: Նրանք, այսօր անգամ ընդդիմություն չեն: Ինձ համար ընդդիմություն կարող է լինել մի ուժ, որը գոնե հաղորդակցվում է ժողովրդի հետ: Նրանք` ֆեյսբուքյան մոտ 500 օգտատերերով հաղորդակցվում են իրար հետ և փորձում են հանրային կարծիք ձևավորել, որը կեղծ օրակարգ է»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:
Պատգամավորը նշեց` անկախ նրանից, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը, նրա ելույթը հասարակության կարծիքի վրա վատ ազդեցություն չի ունենալու, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության իշխանության վերադարձ չի լինելու: «Եթե Սերժ Սարգսյանի ելույթում քննադատություն կլինի, ապա ակնկալում եմ առողջ և կառուցողական քննադատություն: ՀՀԿ-ի մնացած ներկայացուցիչների քննադատությունները որևէ աղերս չունեն ընդդիմություն ասվածի հետ: Ընդդիմություն լինել, չի նշանակում ստահոդ լուրեր տարածել և ասել՝ վաղը հողերը հանձնում են, պատերազմի շեմին ենք և այլն: Երբ մենք էինք ընդդիմություն, մենք երբեք նման բաներ չէինք անում` հատկապես ժողովրդի մոտ վախ չէինք առաջացնում, իսկ իրենք գոնե չսովորեցին, թե ինչ է ընդդիմություն լինելը»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ