ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 16-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի, ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի, կազմակերպության կլիմայի փոփոխության և էներգետիկայի համակարգող Ռուբեն Սիսսայի, անտառային հարցերով խորհրդատու Նորբերտ Վրինկլերի և միջազգային խորհրդատու Տրևոր Սելֆի հետ:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի կլիմայի ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվել են «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին' բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է «Կանաչ էկոնոմի կային» համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների համատեղելիությամբ էկոհամակարգային քաղաքականության մոտեցումները, անդրադարձել ոլորտի այն առաջնահերթություններին, որտեղ համագործակցությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ կարող է արդյունավետ և նպատակային լինել: Նախարարն ընդգծել է անտառվերականգնման հարցը, տեղեկացրել, որ ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարականներով ոլորտում բարեփոխումներ են նախատեսվում, ինչը մեծ ջանքեր է պահանջում և այս տեսանկյունից կարևորում են նաև միջազգային հանրության աջակցությունը:

 

Անդրադառնալով խնդիրներին' Արծվիկ Մինասյանը նշել է անտառների հաշվառման ամբողջական համակարգի, կառավարման պլանների բացակայությունը, հսկողության և վերահսկողության համակարգերի թույլ լինելը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական և մոնիթորինգային ամբողջական համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը: Որպես խնդիրների համալիր լուծում Արծվիկ Մինասյանը կարևորել է նաև էկոկրթության և էկոդաստիարակության հարցը: «Մենք կարիք ունենք հիմնարար փոփոխությունների և ոլորտում ամբողջական ծրագրի իրականացման»,- նշել է նախարարը, շեշտելով էկոհամակարգերի վրա հիմնված գործողությունների անհրաժեշտությունը:

 

ՊԳԿ-ի պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման հնարավորության և ոլորտի խնդիրների մանրամասն անդրադարձի համար, ներկայացրել իրենց մոտեցումները, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունները, որոնք կարող են տրամադրել «Կանաչ կլիմա» հիմնադրամի հայեցակարգի քննարկման և ծրագրի առաջարկի պատրաստման համար: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են համատեղ աշխատանքի իրականացումն ու գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, ինչն առաջիկայում կառարկայացվի գործընկերային փաստաթղթի պատրաստմամբ: