Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-21-ը Իտալիա կատարած այցի ընթացքում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցորով երկրորդ միջազգային համաժողովի» աշխատանքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարը ելույթ է ունեցել համաժողովում՝ պարենի ապահովման և սովի դեմ պայքարի վերաբերյալ թեմայով:

 

Նոյեմբերի 21-ին նախարար Կարապետյանին ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան: Հանդիպմանը ներկա է գտնվել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

 

Քննարկվել են կազմակերպության և Հայաստանի միջև գործող ծրագրերը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարար Կարապետյանը մանրամասն ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները և դրանց հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

 

Գոհունակություն է հայտնվել մի շարք համատեղ ծրագրերի, մասնավորապես ձկնաբուծական տնտեսություններում ջրային պաշարների օգտագործման խնայող ռեժիմներ ներդնելու, ինչպես նաև հայկական խաղողի և ծիրանի գենետիկ ռեսուրսները պահպանելու նպատակով կոլեկցիոն այգիներ հիմնելու վերաբերյալ:

 

Գլխավոր տնօրենը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը և իր աջակցությունը հայտնել փոքր գյուղական տնտեսությունների՝ կոոպերացիայի միջոցով միավորման ռազմավարությանը:

Նախարար Կարապետյանը գլխավոր տնօրենին հրավիրեց այցելել Հայաստան: