ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Եղեգնաձորի, Գորիսի, թիվ 1, թիվ 2, թիվ 3 կայազորների զինվորական դատախազություններում:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, խորհրդակցությունների ընթացքում կայազորների զինվորական դատախազները զեկուցել են կայազորում հանցավորության վիճակի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ տվյալները, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը:

 

Անդրադառնալով պետության սեփականության դեմ ուղղված հանցատեսակների բացահայտման ցուցանիշներին, ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխարգելման ուղղությամբ կատարվող միջոցառումներին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը՝ նշելով, որ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են:

 

 

Ուշադրություն հրավիրելով կրկնահանցագործությունների դեպքերի վրա՝ դատախազը նշել է, որ դրանց վիճակագրությունը վկայում է որդեգրված քրեական քաղաքականության՝ պատժի նպատակների իրացման տեսանկյունից արդյունավետության մասին: ՀՀ զինվորական դատախազը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել կրկնահանցագործությունների դեմ նախականխիչ միջոցառումները՝ հատկապես ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հանցավոր հակումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու միջոցով:

 

Զինվորական դատախազը հանձնարարել է հաճախակի հանդիպումներ անցկացնել զինծառայողների հետ՝ նրանց պարզաբանելով կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման կարևորությունը, ինչպես նաև յուրաքանչյուր զինծառայողի պարտականությունների չկատարման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը:

 

 

Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Վահե Հարությունյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

 

Զինվորական դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը քրեական վարույթի շրջանակներում զինծառայողների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ, այդ նպատակով գործի դնելով դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով:

 

Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ զինվորական դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը:

 

Խորհրդակցության վերջում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը տվել է առանձին հանձնարարականներ:

 

Այցի շրջանակում ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև N զորամաս, ծանոթացել զինվորների առօրյային: Այցելության ժամանակ զրուցել է նորակոչիկների և սպայական անձնակազմի հետ' կարևորելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանումը: