Մայիսի 16-ին Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Միացյալ Նահանգներ այցելության դեմ:
Հայ դատի հանձնախումբը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ միացել է ակցիային՝ ուշադրություն հրավիրելու Էրդողանի կողմից երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս իրականացվող բռնաճնշումների վրա: Ակցիայի ժամանակ թուրքերը` ճեղքելով ոստիկանական ուժերին, հարձակվում են խաղաղ ցույց իրականացնող հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչների վրա և սկսում հարվածել նրանց: Առնվազն 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կան ձերբակալվածներ: Կասկած անգամ լինել չի կարող, որ այս ամենը թուրքական խաժամուժի ինքնաբուխ հայրենասիրական պոռթկումը չէր, ցուցարարների վրա հարձակվողների հագուկապը, պրոֆեսիոնալիզմը և ագրեսիվությունը հուշում էին, որ նրանք Թուրքիայի պետական պահպանության աշխատակիցներն էին, իսկ ավելի հստակ Էրդողանի՝ տխրահռչակ թիկնազորը:
Ինչ խոսք, նման բռնությանը ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում ամեն օր ականատես չես լինի: Նման բռնությունն ամենօրյա և սովորական երևույթ է դասական բռնապետության վերածված Էրդողանի սուլթանական Թուրքիայում: 2016-ի ապրիլին եւս, երբ Էրդողանը Վաշինգտոնում էր, նրա թիկնապահները բռնություն էին կիրառել ցուցարարների եւ լրագրողների դեմ: Փաստորեն քաղաքակրթվելու վերջին շանսը կորցրած Թուրքիան որոշել է արտահանել հարցերի լուծման, բռնաճնշումների և վայրագությունների իր մեթոդը ազատ աշխարհ՝ այդ աշխարհին այլ բան առաջարկել չկարողանալով: Սա փայլուն առիթ է նախագահ Թրամփի համար ի վերջո հակազդելու Էրդողանի սուլթանական նկրտումներին և մարտահրավեր նետել թուրքական սպառնալիքներին և այն լատենտ քարոզչությանը, որն, անտարակույս անմիջական միջամտություն է ԱՄՆ վարած քաղաքականության վրա: Այդ նպատակով Էրդողանը գործի է դրել ոչ միայն գործակալներին, լոբբիստներին, այլ ինչպես ցույց տվեցին երեկվա դեպքերը՝ անգամ սեփական թիկնազորին: ԱՄՆ նախագահը պարտավոր է առաջնահերթ համարի ամերիկյան սկզբունքները և թույլ չտա Վաշինգտոնի կենտրոնը վերածել մինի Ստամբուլի, որտեղ Էրդողանը կարող է անել այն, ինչ ցանկանում է : Տվյալ դեպքում հարձակումը եւ բռնությունը եղել է Միացյալ Նահանգների հանդեպ, այն արժեհամակարգային եւ քաղաքակրթական բեվեռի, որն իրենով նույնացնում է Նահանգները:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ