Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Բաբլոյան,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանը իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու կառավարում ապահովելու, իրավական պետության օրենսդրական կառուցակարգերը զարգացնելու և ժողովրդավարական արժեքները ամրապնդելու գործում: Նոր խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ բացում է նոր էջ, որում օրենսդիր մարմնի դերակատարությունն անհամեմատ ավելի մեծ ու պատասխանատու է լինելու: Վստահ եմ' Ձեր մարդկային բարձր արժանիքներն ու երկարամյա փորձը ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգի կայացմանը:
Արցախի Հանրապետության խորհրդարանում մշտապես զգացել են հայաստանյան գործընկերների ուշադրությունն ու աջակցությունը, որի ցայտուն վկայությունն է երկու հայկական հանրապետությունների միջև խորհրդարանական արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը: Համոզված ենք, որ հարաբերությունների առկա մակարդակը հիմք կհանդիսանա նոր որակի փոխգործակցության համար:
Վերստին շնորհավորելով Ձեզ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ՝ ի շահ մայր հայրենիքի և համայն հայության»: