Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:

 

Սեփականաշնորհման է ներկայացված մի քանի խոշոր ընկերությունների թվում է նաև՝ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ, ում էլ, ինչպես հայտնի է, «Հրազդան» համալիրը հանձնված է 50 տարվա վարձակալությամբ:

 

Մեզ հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ ինքը միայն երեկ է իմացել այդ մասին, այն էլ՝ մամուլից:

 

«Վաճառվում է «Հրազդան» համալիրը, որի իրավասության տակ կա մոտ 3,9 հեկտար հող, որը ժամանակին ստադիոնին պատկանել է պահուստային դաշտի կարգավիճակով։ Այսինքն, երբ ստադիոնը սեփականաշնորհվել է, այդ հողը տրվել է վարձակալության, որպես պահուստային դաշտ։


Ծրագրով նախատեսված էր10 տարի ժամկետ՝ սեփականաշնորհելու համար։ Եթե անգամ այդ դատարկ հողը մի քառակուսին 100 դոլարով էլ հաշվենք, ստացվում է 3 մլն 900 հազար դոլլար, իսկ ես այսօր ստադիոնը ի վիճակի չեմ առնելու, որովհետև շատ բարձր ու թանկ են գնահատել։ Այսօր քանի որ մենք չունենք այդ գումարները, բնական է՝ «Հրազդան» ստադիոնի օրգանական մասը՝ պահուստային դաշտը կվաճառեն ուրիշի»,- նշեց Աղաբաբյանը։

 

Ճշտող հարցին՝ ուրիշ ասելով ո՞ւմ նկատի ունի, Աղաբաբյանն ասաց․ «Ես ի՞նչ իմանամ՝ ուրիշն ով է, այսօր Հայաստանում էնքա՜ն ուրիշ կա»։


Հիշեցնենք, որ մոտավորապես երկու տարի առաջ Աղաբաբյանը հայտարարեց, որ «Հրազդան» տոնավաճառը սնանկ է ճանաչվել։ Վերջինս նշում էր՝ ստադիոնը սնանկ է ճանաչվել, որովհետև միայն տոնավաճառից եկած եկամտի շնորհիվ էր այդ մեծ կառույցը սպասարկվում, իսկ ժամանակի ընթացքում տոնավաճառն էլ տարան իրենից՝ վաճառականներին ախորժաբեր առաջարկներ անելով։ Աղաբաբյանն այս մասին ոչ թե ակնարկում, այլ հստակ անուններ էր նշում, որոնց շնորհիվ հայտնվել էր փակուղու առաջ։

 

Այնուհետև խոսակցություններ շրջանառվեցին, որ քաղաքական վերնախավը որոշել է, որ Երևանի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրել Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար։ Դրանցից մեկը պետք է լիներ «Ֆիրդուսի շուկան», սակայն փաստենք, որ նման բան՝ այդպես էլ տեղի չունեցավ։ 

 

Տեղի ունեցավ այն, որ Աղաբաբյանի գործերը սկսեցին վատանալ․ հարկայինի հետ ունեցած խնդիրներ, պարտքեր ու դատական քաշքշուկներ։ Այս ամենն առիթ հանդիսացան և նա սկսեց բացահայտ դժգոհել իշխանությունից, որ իրեն միտումնավոր սննկացնում են, սկսեց մեղադրել իշխող կուսակցությանը, որի կազմի մեջ նաև ինքն էր։

 

Իսկ ինչ եղավ հետո․․․ եղավ այն, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2017 թ․ կայացած խորհրդարանական ընտրություններում չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, ինչի արդյունքում չզբաղեցրեց նաև պատգամավորական աթոռ, թեպետ 2003 թվականից՝ խորհրդարանական բոլոր ընտրություններն անցնելով, տեղ էր գրավել խորհրդարանում: 

 

Հավելենք նաև, որ այս ամենից հետո, ըստ երևույթին, նախկին ՀՀԿ-ականը փորձում է ցույց տալ, որ առանց որևէ մեկի աջակցության էլ կարող է դուրս գալ ստեղծված վիճակից։ Ուստի, այս տարվա ապրիլ ամսին հայտարարություն տարածեց, որտեղ նշում էր, որ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակվել է մի նախագիծ, ըստ որի՝ «Հրազդան» տոնավաճառում բացվել է գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ տոնավաճառ, իսկ թե ինչքան կշարունակվի գործել այդ տոնավաճառը, կախված է նոր գնորդի ի հայտ գալ-չգալուց:

 

Սոնա Հարությունյան