Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանին ատրճանակով սպանել էր կինը՝ 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը։ Ծանոթների վկայությամբ՝ կինը պարբերաբար բռնությունների էր ենթարկվել ամուսնու կողմից, իսկ այս անգամ ինքնապաշտպանությունից ելնելով՝ դիմել էր սպանության։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ների միության ծրագրերի համակարգող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի հետ։
«Շատ կարևոր նախադեպ ստեղծվեց այս գործով։ Նման իրավիճակներ են ստեղծվում հիմնականում՝ երբ երկարատև բռնությունից հետո աֆեկտի վիճակում տեղի է ունենում նմանատիպ հաշվեհարդար։ Բռնությունը բռնություն է ծնում, եթե մարդն էլ որևէ ելք չի տեսնում ազատագրվելու, կիրառում է նույն գործիքը, որով տարիներ շարունակ իրեն են նվաստացրել ու վախեցրել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է դիտարկել կանխարգելման մեխանիզմների կարևորությունը, որը մեր երկրում գոյություն չունի ո՛չ օրենքի տեսքով, ո՛չ էլ պետական հովանավորության շրջանակում․ «Եթե որևէ մարմին տեղյակ լիներ այս ընտանիքում տեղի ունեցած իրավիճակից, հնարավոր է՝ զբաղվեին կնոջն այդ իրավիճակից դուրս բերելու մեխանիզմով և հնարավոր կլիներ կանխարգելել բռնությունը։ Տեղի կունենար առողջացում կամ քայլեր կլինեին բաժանության։ Սակայն մենք չունենք այդ մեխանիզմները, և ոստիկանությունն էլ չունի այն բավարար մեխանիզմները, որի միջոցով հնարավոր կլինի կանխարգելել ստեղծված իրավիճակը։
Հաջորդ կարևոր հարցն այն է, որ նույնիսկ ամուսնալուծությունից հետո շատ հաճախ կինը շարունակում է ենթարկվել բռնության, հետապնդման։ Սակայն պետք է օրենքը մասնակցություն ունենա այդ երևույթները բացառելու և կնոջը քրեական աշխարհից պաշտպանելու համար»։
Անդրադառնալով Լիաննա Կիրակոսյանի պաշտպանությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ այժմ քրեական գործի շրջանակներում ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում կնոջը, նրա ընտանիքի պաշտպանությունը կազմակերպելը հնարավոր վտանգներից։ Իսկ հասարակական կազմակերպությունները պետք է օգնեն կնոջը՝ հոգեբանական խնդիրները հաղթահարել և դիտարկեն՝ նման պարագայում ինչ գործուն մեխանիզմներ կարելի է կիրառել, և ինչ օրենսդրական փոփոխություններ կարելի է անել։
Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը տարիներ շարունակ չի ընդունվում և այժմ հանրային դիսկուրսում շահարկվում է որպես ընտանեկան արժեքները քանդող․ «Նմանատիպ դեպքերը գալիս են ապացուցելու, որ բռնությունը բերում է միայն ողբերգության, որի դեպքում կամ կինն է դառնում զոհ, կամ հակառակը, ինչպես այս դեպքում՝ կինը դիմում է ինքնապաշտպանության»։
Նա նշեց, որ Լիաննա Կիրակոսյանը երբեևէ չի դիմել ՀԿ-ներին․ «Վստահ եմ՝ այն պատճառով, որ համոզված չի եղել, որ իրեն հնարավոր է նմանատիպ անձնավորությունից պաշտպանել։ Նմանատիպ դեպքերը շատ են, երբ քրեականացված տարրերը երբևէ հանգիստ չեն տալիս անգամ ամուսնալուծված կնոջը»։
Կարևորելով նաև անչափահաս երեխաների խնդիրը, հրապարակախոսը նշեց․ «Փաստորեն, երեխաները մշտապես ականատես են եղել բացահայտ բռնության։ Դիտարկելով լուսանկարների պատկերը, կարելի է ենթադրել, որ այդ ծեծկռտուքը տեղի է ունեցել ամբողջ տնով մեկ»։
Նշենք՝ ամուսիններն ունեն երկու երեխա՝ մեկը 8 տարեկան, մյուսը՝ 2:
Հավելենք՝ Լիաննա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Սոնա Հարությունյան