Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացասական պատասխան է տվել Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա խոսել է Գաբոնի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից արված հայտարարությանը, որում ասել էր, թե վերջին անգամ կփորձեն համաձայնության գալ Գերմանիայի հետ, ինչից հետո որոշում կկայացնեն՝ մնալ կամ գնալ Ինջիրլիքից, Չավուշօղլուն ասել է. «Գերմանիան Թուրքիայի հարցում բացասական տեսակետներ ունի, և այս մասին մենք հաճախ ենք բարձրաձայնում: Տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիան աջակցում այն ամենին, ինչը դեմ է Թուրքիային»:
Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է գերմանական կողմին գյուլենականներին ու Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին աջակցելու, թուրքական սահմանադրական հանրաքվեին կողմ արտահայտվող անձանց իրենց երկրում ճնշելու համար: «Հիմա կանգնել և մեզ ասում են, թե ցանկանում են գալ Ինջիրլիք: Մերկելին շատ հստակ ենք ասել, Գերմանիան պետք է հասկանա հետևյալը, այդ երկիրը չի կարող մտածել, թե «Թուրքիայի դեմ կանեմ ինչ ուզում եմ և ինչու ուզում եմ նրանից կստանամ»: Նման բան չկա: Նման պայմաններում հնարավոր չէ թույլ տալ գերմանացի խորհրդարան! ականներին այցելել Ինջիրլիք»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա ասել է, որ եթե գերմանական կողմը դրական քայլեր ձեռնարկի, ապա իրենք կարող են վերանայել նման որոշումը:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:
Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:
Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: