Մայիսի 3-ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակի ծնողներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանի առքուվճառքի գործարքն արդեն ավարտվել է, մնում է նրանք ստանան սեփականության վկայականը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հնգյակի հայրը` Վարդան Կարապետյանն ասաց, որ բնակարանը գտնվում է Մեծամոր քաղաքում. «Բնակարանը ես եմ ընտրել, այն չորս սենյականոց է, նորմալ պայմաններ են»,- նշեց նա:
Հնգյակի ծննդյան ավետիսը լսելուն պես բազմաթիվ հայտարարություններ եղան այն մասին, որ պատրաստվում են նվերներ տալ այս ընտանիքին:
Խոստումից հետ չի կանգնել VLV Electronics-ը՝ նրանց նվիրելով հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և գազօջախ:
Fine Service ընկերությունն էլ 1 համակարգիչ և 1 պլանշետ է խոստացել, մնում է միայն կատարի ասածը:
Հրապարակային խոստում էր տվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հնգյակի լույս աշխարհ գալուց հետո հայտարարել էր՝ մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա փոքրիկների սննդի ապահովման հարցերը, սակայն դեռևս աջակցությունն ուշանում է.
«Ոչ ընդհանրապես... ոչ էլ մեզ հետ կապ է հաստատել, որ ինքը նման խոստում է տվել: Երեխաներիս սննդի հարցը ես եմ լուծում»,- ընդգծեց Վարդան Կարապետյանը:
Երեխաների հայրը նշեց՝ փոքրիկների վիճակը նորմալ է, դրական տեղաշարժ է նկատվում, իրենք էլ ամեն օր այցելում են նրանց: Երեխաների մայրը ևս լավ է զգում իրեն և հետվիրահատական խնդիրներ չունի:
Հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներից Աննան գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, իսկ Ռոզին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում է»:
Նշենք, որ առայժմ ընտանիքն ապրում է Մեծամորի հանրակացարանում` ամուսնու ծնողների և եղբոր հետ:
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում 04։00-ին հնգյակ էր ծնվել` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:
Ցավոք, մեր երկրի բժշկությունը անզոր եղավ փրկելու բոլոր երեխաների կյանքը, նրանցից երեքը մահացան:
Սոնա Հարությունյան