Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները:
Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման համակարգի խնդրին, նախևառաջ կարևորել է դասակարգման հստակ չափորոշիչների սահմանումը և թվայնացումը:
«Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում: Առաջին քայլը, որ պետք է անենք, պետական միջոցները տնտեսելն է՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին: Մենք թվայնացման խնդիր ունենք և շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձարարել է ակտիվ աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թվայնացման աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար. «Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն ինչ բանաձևով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ և վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:
Թվայնացումը ֆանտաստիկ էֆեկտ է տալու, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ արե´ք, մի´ տարեք 2019 թիվ։ Եթե մենք երեք տարի ռեֆորմ ենք անում, եկեք դրա անունը ռեֆորմ չդնենք, չի լինում այդպես։