Հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին ՀՀ Առողջապահության նախարարի հայտարարությունը քննարկման առարկա դարձավ: Ծխելու դեմ պայքարի անվան տակ 3 անգամ թանկանալու է նաև ծխախոտի գինը: Հասարակության ակտիվ զանգվածը սկսեց քննարկել այն հանգամանքը, որ այդ օրենքը ընդունվում է հանուն օլիգարխներից մեկի նոր բիզնեսի զարգացման:
Աշխարհի շատ երկրներում էլեկտրոնային ծխախոտը գրավել է շուկան, և մարդիկ վաղուց անցել են ծխախոտի նոր՝ մոդեռն տեսակին:
Հայաստանում այդ մշակույթը դեռ ձևավորված չէ: ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, դեռ նախորդ տարվանից գործարար Խաչատուր Սուքիասյանը ձեռք է բերել պայմանավորվածություն «Ֆիլիպ Մորիս» ընկերության հետ, Հայաստանում Էլեկտրոնային ծխախոտի վաճառքով զբաղվելու համար:
Խաչատուր Սուքիասյանի՝ այդ բիզնեսում ներգրավված լինելու մասին փաստն ապացուցվում է նաև պարզ մատնությամբ: Գործարարի հովանու ներքո գործող լրատվամիջոցներն այդ օրերին «ֆեյք» տեղեկատվությամբ փորձեցին շեղել հասարակության ուշադրությունը ծխախոտի թեմայից:
Մինչ սոցցանցերում քննարկվում էր, թե ում է պատկանում նոր բիզնեսը, և հանուն որ օլիգարխի են թանկացնում ծխախոտն ու արգելում դրա կիրառումը հասարակական վայրերում, Խաչատուր Սուքիասյանի հովանու տակ գտնվող կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ առաջիկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների շահագործումը Հայաստանում:
Լուրը հերքվեց թե Ոստիկանության, թե կառավարության կողմից: Անցավ մեկ օր, նույն կայքը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ առաջիկայում փոխվելու է ՀՀ զինանշանն ու հիմնը: Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա: Խնդիրն այն է, որ սոցցանցերում կեղծ ինֆորմացիա տարածելով փորձ էր կատարվում հասարակությանը շեղել ծխախոտի թեմայից:
Աշնանն արդեն ԱԺ-ում կքննարկվի ծխախոտի մասին նոր օրենքը, և բուն զարգացումները կծավալվեն հենց այդ ժամանակ: Մնում է սպասել և տեսնել, ԱԺ-ն «կպայքարի» ծխելու դեմ հանուն գործարարի, թե ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:
Արսեն Սանամյան